Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին:
«Նախորդ կիրակի մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ինչպես են իրականացվել: Վարչապետը կոչ արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույնն անել:
«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Եղեգնաձոր այցի ընթացքում դժգոհություն էր հայտնել բակային տարածքների և լուսավորության բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակից: