«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանն է, որը հայտնի է նաեւ գեղարվեստական ֆիլմերից: Նրա կերպարը բավականին քննարկվեց մասնավորապես «Կյանք ու կռիվ 2»-ում: Անին խոսել է մասնագիտական նրբությունների, կին-տղամարդ հարաբերությունների եւ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը լինելու բարդությունների ու հաճելի կողմերի մասին:
-Անի՛, սիրում եք տանը միայնակ մնա՞լ, թե՞ շրջապատված լինել ընտանիքի անդամներով, բարեկամներով:
– Շրջապատված լինել ընտանիքի անդամներով:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ ոգեշնչել:
-Աշխատանքը, ընտանիքը:
-Այս երեքից որի՞ն չեք դիմանում, ո՞րն է Ձեզ համար անհաղթահարելի՝ ծարա՞վը, սո՞վը, թե՞ քնելու ցանկությունը:
-Քնելու ցանկությունը: Ցավոք, չեմ կարողանում երկար քնել, երեւի այդ է պատճառը, որ հաճախակի եմ քնելու սաստիկ ցանկություն ունենում:
-Սովորաբար նախընտրում եք ռիսկի՞ դիմել, թե՞ տասը չափել, մեկ կտրել:
-Տարիքի հետ երեւի ռիսկը հետաքրքրություն է առաջացնում, բայց նախկինում որեւէ բան անելուց առաջ երկար մտածում էի: Հիմա նախընտրում եմ ռիսկի դիմել:
-Կլինե՞ք արդարացի, կասե՞ք ճշմարտությունը, եթե դրանով ստիպված լինեք նեղացնել դիմացինին:
-Նայած՝ դիմացինս ով է: Եթե իմանամ, որ նա ունի հասունություն եւ ասածս ճիշտ կընկալի, եթե նույնիսկ դա ցավոտ լինի, կասեմ: Երեւի ճիշտը կասեմ ամենամոտ մարդկանց:
-Կա՞ մի բան, որ հայտնի մարդը երբեք չպետք է անի:
-Անձամբ ես եթե մի օր շատ հայտնի դառնամ, չեմ հանրայնացնի նեղ անձնական ինֆորմացիան: Կա մի սահման , որը չպետք է անցնել:
-Ոչ ոք չի հավատա, բայց Դուք…
-Կարող եմ կտրուկ փոխել մասնագիտությունս:
-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը մշտապես բարդույթավորել է Ձեզ:
-Ճիշտն ասած, ես երբեք այն մարդկանցից չեմ եղել, որոնք կենտրոնացած են իրենց արտաքինի վրա: Միշտ շատ թեթեւ եմ վերաբերվել թերություններիս, անգամ դրանք թերություն չեմ համարել: Ես այսպիսին եմ եւ չեմ ուզում ոչինչ շտկել կամ փոխել:
-Կա՞ բնավորության մի գիծ, որից մշտապես տուժել եք:
-Այո, շատ ծանր եմ տանում ամեն ինչ, նույնիսկ ամենաչնչին բաները, որոնց վրա կարելի է պարզապես աչք փակել: Խորանում եմ երեւույթների պատճառահետեւանքային կապերի մեջ, վերլուծող տեսակ եմ…
-Ինչ էլ լինի, կա մեկը, ով միշտ օգնության կհասնի Ձեզ, եւ այդ մեկը…
-Իհարկե, ամուսինս է:
-Լինել Մհեր Մկրտչյանի կինը նշանակում է…
-Լինել շատերի աչքի փուշը: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն սիրում ամուսնուս: Լինել Մհեր Մկրտչյանի կինը նշանակում է լինել ուշադրության կենտրոնում: Կարեւորը՝ ինձ դուր է գալիս այդ փաստը, որ ես նրա կինն եմ:
-Ո՞րն է կանանց մասին Ձեր լսած ամենահայտնի միֆը:
-Ասում են, թե կանայք բամբասկոտ են, բայց արի ու տես, որ տղամարդիկ շատ ավելի բամբասկոտ են: Տարածված է նաեւ այն կարծիքը, թե կանայք համբերատար չեն, չնչին բանից վեճ են սարքում, բայց դա այդքան էլ այդպես չէ. ամեն բան շատ անհատական է…
-Ողջ ճշմարտությունը տղամարդկանց մասին:
-Տղամարդկանց հետ դժվար է, բայց առանց նրանց՝ անհնար:
-Միայն մի դեպքում մուտք կգործեք քաղաքականություն, եթե…
-Ես ոչինչ չեմ բացառում այս կյանքում, բայց, մեղմ ասած, չեմ սիրում քաղաքականությունը եւ ինձ չեմ պատկերացնում քաղաքական ոլորտում:
-Շարունակե՛ք միտքը. «Սիրող մարդն էլ է հեռանում, եթե…»
-Զգում է, որ իրեն ստում են, չի կարողանում ներել սուտը, հեռանում է, եթե փոխհարաբերություններում չկա անկեղծություն:
-Ձեր մասնագիտության ամենահաճելի կողմը:
-Մի քանիսն են: Ամենահաճելին իմ մասնագիտության մեջ հանդիսատեսին ուրախություն, ջերմություն պարգեւելն է: Շատ ավելի լավ եմ զգում ինձ, երբ հանդիսատեսս երեխաներն են: Հաճելի է նաեւ տարբեր մարդկանց մարմնավորելու հնարավորություն ունենալը: Բեմի վրա կարող ես, շատ կերպարներ կերտելով, լինել տարբեր:
-Եվ վերջում՝ շարունակե՛ք միտքը. «Եթե ցանկանում ես, որ կյանքը ժպտա քեզ, որ հաջողակ լինես…»:
-Դու էլ պետք է ժպտաս կյանքին:
Աննա Բաբաջանյան