Երեխաների ապօրինի որդեգրման բացահայտման աշխատանքները սկսվել են իմ պաշտոնավարման օրոք. Վանեցյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր:

Ըստ ԱԱԾ տնօրենի ՝ ՀՀ երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Արդյունքում, մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ, 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ:

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

ԱԱԾ այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ, սակայն ուշագրավ էր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառումը: Վերջինս սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հիշեցնելով Կառավարության հունվարի 10-ի նիստը, որտեղ այդ ժամանակ դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բարձրաձայնում էր երեխաների որդեգրման և օրգանների հնարավոր վաճառքի վտանգների մասին: Ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մատնանշած խնդրի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չեն ստացել։

«Այդ գործընթացը գտնվում է մեր վերահսկողության ներքո, և մինչ օրս նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգաններն օգտագործեն։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,- ասել էր ԱԱԾ արդեն նախկին տնօրենը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս տեղեկացրել էր, որ նման քրեական գործեր չեն ստացել։

Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Արարատ Միրզոյանը այն ժամանակ բարձրաձայնել էր երեխաների օրգանների վաճառքի մասին, իսկ սա միանգամայն այլ դեպք է: Օպերատիվ հետախուզական աշխատանքները այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ սկսվել են դեռեւս իմ պաշտոնավարման օրոք եւ վերաբերել են ոչ թե օրգանների հնարավոր վաճառքին, այլ որդեգրման գործընթացում տեղ գտած կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը: Ավելին, այդ աշխատանքներում ինձ օգնել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը»:

Իսկ թե ինչպես է ԱԱԾ նախկին տնօրենը բացահայտել այս դեպքը, և ինչ դեպքի աղմկահարույց մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս