«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: ՀՀ Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 4.8 տոկոսով: Հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում՝ անցած տարվա ցուցանիշից պակասելով 7 տոկոսով:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը այսպես է պարզաբանել. «Այս տարին օրինակ ծիրանի համար բերանպաստ չէր: Անձրեւներ եկան, որոնք փոշոտման վրա ազդեցին: Խաղողի հետ կապված մեր գյուղացիները ժամանակին բուժումները չկազմակերպեցին, դարձյալ քիչ բերք հավաքեցին: Խաղողի բերքատվությունը 30 տոկոսով պակաս է եղել: Իրենք ամեն թիվ էլ կարող են նկարել:
Կարտոֆիլի հետ կապված խնդիր կա, քանի որ ցանքատարածությունները պակասել են, մարդիկ սերմացու չունեին»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ գյուղատնտեսական տարին վատ սկսվեց, քանի որ այս տարի գյուղացիներին չտրամադրվեց վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն, ինչպես նախկինում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: