Սպիտակ տունը հանրապետական սենատոր Լինսի Գրահամի միջոցով արգելափակեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերում Մերձավոր Արևելքում և Սիրիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Արևելագետը սպասում էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո կլինեն անդրկուլիսային բանակցություններ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
«Այդ անդրկուլիսյան բանակցությունների գագաթնակետը եղավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ ներկա է եղել ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրահամը: Այդ հանդիպումից հետո նա արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այսինքն` ակնհայտ է, որ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:
Հաշվի առնելով Թուրքիայի կարևորությունը ամերիկյան ռազմավարական ծրագրերում Մերձավոր Արևելքում և Սիրիայում, Սպիտակ տունը սենատոր Գրահամի միջոցով կասեցրեց բանաձևի հետագա ընթացքը: Հերթական անգամ տեղի ունեցավ գործարք ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որը խոչընդոտեց պատմական արդարության և բարոյականության վրա հիմնված այս բանաձևի հետագա ընթացքը»,- ընդգծեց Սաֆրաստյանը: