Ով է սպառնում պատգամավորին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի շուրջ առաջիկայում բուռն քննարկումներ եւ զարգացումներ են սպասվում, սակայն դեռ նախագիծը լիագումար նիստում չքննարկած` արդեն սրացումներ են եղել։

Մասնավորապես, օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում բացահայտումներ եղան։ Խոսքը այդ նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին սպառնալու մասին է։ Եվ թե՛ վարչապետի ելույթից, թե՛ այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ սպառնացողը եղել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։

«Քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով», – իր խոսքում նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ակնարկել, թե որ պատգամավորն է սպառնալու փորձ արել։

«Որեւէ մեկը չփորձի` նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի (նկատի ունի Գյումրին, որի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է եղել,- հեղ․) կեսը թալանել է, հիմա մտածում է, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,- հավելել էր նա։

Իսկ, ահա, Վարդան Ղուկասյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե ինքը չի ճանաչում Նազելի Բաղդասարյանին, միայն նրա մայրիկին գիտի եւ իրեն չէր կարող թույլ տալ սպառնալ կնոջ։ Իսկ, ահա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այդ նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ հենց ԱԺ ամբիոնից հարցի քննարկման ժամանակ եւ միաժամանակ անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի այն հավաստիացումներին, թե ինքը Նազելի Բաղդասարյանին չի ճանաչում։ Վերջինիս խոսքով` Ղուկասյանի հետ նաեւ բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու որպես լրագրող։

Եվ հետաքրքիր է, որ Վարդան Ղուկասյանը բազմիցս առիթ է ունեցել հյուրընկալվել «Ցայգ» հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է Նազելի Բաղդասարյանը, եւ վերջինս բազմիցս հարցազրույցներ է վարել նաեւ նրա հետ։ Սակայն այս ամենից զատ ընդամենը վերջերս՝ 2019 թվականի ապրիլի 17-ին, Վարդան Ղուկասյանը սոցիալական ցանցի իր էջում արդեն արձագանքել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, իսկ այս ամենը գալիս են ապացուցելու, որ Վարդան Ղուկասյանը պարզապես ստում է։ Մասնավորապես, Վարդան Ղուկասյանն իր էջում արձագանքած է եղել Նազելի Բաղդասարյանի այն հայտարարություններին, թե Գյումրին ավերվել է հենց Ղուկասյանի օրոք։ Ստացվում է՝ գոնե ապրիլ ամսին Վարդան Ղուկասյանը ճանաչել է Նազելի Բաղդասարյանին։

Ինչեւէ, չնայած Վարդան Ղուկասյանը պնդում է, թե չէր կարող սպառնալ կնոջ, սակայն Ղուկասյանի կողմից միջնորդավորված կերպով Նազելի Բաղդասարյանին սպառնալու շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով` նման միջնորդավորված սպառնալիքներ պատգամավորը ստացել է մոտ մեկ շաբաթ առաջ, երբ դեռ որպես նախագծի հարակից զեկուցող ելույթ է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հենց այդ օրվանից հետո տարբեր շրջանակներից Նազելի Բաղդասարյանին զգուշացումներ են եղել, թե չփորձի ձեռքերը երկարացնել, նման նախագծեր անցկացնել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծի անցկացման հարցով շատ խիստ անհանգստացած է հատկապես Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, որն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից է եւ, այսպես ասած, գլուխ է գովացել, թե գյումրեցու ձեռքով չի կարող նման նախագիծ անցնել։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, մեղադրվում է 2014թ. հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության համար։ Նա 17 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս տարիների ընթացքում նա քրեակատարողական հիմնարկում մի քանի պատմություններով է աչքի ընկել եւ բազմաթիվ անգամ վեճեր է ունեցել այլ կալանավորների հետ, եւ, ըստ էության, այս օրինագիծն իրեն եւս անհանգստացնում է։ Օրինակ, ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել հենց այս տարվա մայիսին, երբ Ղուկասյանն իր խցում վիճել է, ապա դանակի մի քանի հարված հասցրել 11 տարվա դատապարտված մեկ այլ կալանավորի։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդավորված կերպով նման սպառնալիքներստանալուց հետո մեկ շաբաթ Բազդասարյանը ընտանիքով Երեւանում է, եւ նրա երեխան նույնիսկ դպրոց չի հաճախում՝ ապահովությունից ելնելով։ Բանն այն է, որ Ղուկասյանի մտերիմ շրջանակներից եկող սպառնալիքը ուղղված է եղել հենց երեխային, իբր թե` «մեղք ես, երեխա ունես»։

Եվ այդ սպառնալիքներից, ինչպես նաեւ դպրոցում հնարավոր տիրող իրավիճակից ելնելով է որոշում կայացվել որոշ ժամանակ մնալ Երեւանում։ Մենք տեղեկացանք նաեւ, որ անձամբ պատգամավորն այդ սպառնալիքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի հայտնել, սակայն իրավապահները տեղյակ են, եւ ընտանիքով Երեւան տեղափոխվելը հենց անվտանգության նկատառումներով է կատարվել։
Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կրկին հրաժարվեց անուններ նշել, սակայն հայտնեց, որ իրավապահներն ուսումնասիրում են, եւ ԱԺ ամբիոնից ինքն ասելիք ունի՝ ուղղված Վարդան Ղուկասյանին, որը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այնպես որ, նոր, թեժ զարգացումներ են սպասվում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս