Ինչպես հայտնի է, «Քաղաքացիության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված է, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Պարզվում է՝ նշված ժամանակահատվածը բավականին երկար է, եւ դիմումատուների մոտ հաճախակի առաջ է բերում դժգոհություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը մտադիր է վեցամսյա ժամկետը կրճատել՝ սահմանելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ դիմումները պետք է քննարկվեն 90 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, դիմումների քննարկման ժամկետի կրճատման նպատակով առաջարկվում է Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միայն ՀՀ ոստիկանության կողմից կազմված բացասական եզրակացությունները:
Նշենք, որ ՀՀ վարչապետը քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացությունները ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու մասին առաջարկություն: Բայց այս դեպքում Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ անել եւ վարչապետին իրավասություն տալ փոփոխել իր կողմից արված առաջարկությունը եւ նոր առաջարկություն ներկայացնել նախագահին: