«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլեւս Հայաստանում աշխատել ու այսուհետեւ կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:
«Տարոն-Ավիա»-ն, ի դեպ, վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների համար, եւ, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել:
Այժմ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել:
Ըստ Կ. Գյուրջյանի` 6 ամիս ժամկետ են տվել թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը կես տարվա ընթացքում թերությունները շտկելու փոխարեն որոշել է դադարեցնել գործունեությունը: «Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չենք կարող վերացնել եւ նպատակահարմար ենք գտնում փակվել…
Թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ են, բայց դա երբեք չի նշանակում, թե օդանավը թռիչքների համար պիտանի չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Կ. Գյուրջյանը` ավելացնելով, թե տեղյակ չեն եղել, որ «Տարոն – Ավիա»-ն ֆինանսական խնդիրներ է ունեցել: Ինչեւէ, վերջնարդյունքում փաստն այն է, որ հայկական ավիաընկերությունն այլեւս Աֆրիկայում կգործի: Իսկ «Տարոն-Ավիայի» հեռախոսազանգերն այժմ արդեն անպատասխան են:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: