ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Տարոն-Ավիա» ընկերությունում տեսչական ստուգումներ է իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել են թերություններ, եւ որոշում է կայացվել ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցնել:
Ըստ Քաղավիացիայի կոմիտեի` տրվել է 6-ամսյա ժամկետ թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը որոշել է ոչ թե վեց ամիս զբաղվել թերությունները շտկելով, այլ դադարեցնել գործունեությունը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ թերություններ են արձանագրվել ընկերությունում:
-Պարո՛ն Գյուրջյան, «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում ստուգումներ են իրականացվել Ձեր ղեկավարած վարչության կողմից, ի՞նչ թերություններ են արձանագրվել:
-Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չենք կարող վերացնել եւ նպատակահարմար ենք գտնում փակվել: Սա է ամբողջ պատմությունը: Թռիչքային անվտգանգությանը վերաբերող թերություններ են: Թռիչքային անվտանգությանը վերաբերող հարցեր երբեք չի նշանակում, որ օդանավը թռիչքների համար պիտանի չէ:
-Այդ ստուգումները պլանայի՞ն են եղել, թե՞ ոչ: Կոնկրետ ո՞ր կառույցի կողմից են իրականացվել ստուգումները:
-Ոչ միայն, ստուգումներն իրականացվել են թռիչքային պիտանիության եւ թռիչքային գործունեության վարչությունների կողմից: Այսինքն` դրանք ուսումնասիրություն եւ ստուգումներ են եղել: Ի դեպ, Եվրոպական ավիացիոն անվտանգության կառույցներից իրենց ստուգել են որպես երրորդ երկրի շահագործող, որ իրենց մոտ թռիչքներ իրականացնեն, եւ հայտնաբերել էին թերություններ, մեզ տեղեկացրել էին այդ մասին:
Դրա արդյունքների հիման վրա մենք էլ որոշեցինք արտահերթ ստուգել, որի արդյունքում իրենք հրաժարվեցին հետագա գործունեությունից: Այդ խնդիրները, որոնք Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը հայտնաբերել է, իրենք դրանք վերացրել են, ավելի ճիշտ` խնդիրը եղել է այն, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ նման երեւույթներ են առաջ եկել: Ավելի խորքային է եղել խնդիրը, դրա համար հրաժարվեց «Տարոն Ավիա»-ն:
Այդ պահին որ մենք գնացինք, իրականացրեցինք ստուգումները, այդ խնդիրները, որոնք որ կարծում ենք` առաջին դասի են, վերացված էր: Բայց մենք էլ հարցադրում արեցինք` խորքայինի հետ կապված: Դրա համար ասել, որ անմիջական ուղեւորի կյանքին վնաս կարող էր սպառնալ իրենց թռիչքների իրականացումը, մի քիչ ճիշտ չէ:
-Պարո՛ն Գյուրջյան, եթե իրենք այդ թերությունները շտկեին, կարո՞ղ էին շարունակել աշխատել:
-Հա, իհարկե, եթե շտկեին, իրենք խնդիր չունեին, ի՞նչ է եղել որ, բոլորի մոտ էլ լինում է: Թերությունները եթե վերացնեին, ապա ինչո՞ւ չպետք է աշխատեն:
-Գուցե այդ թերությունները մեծ չափի՞ կամ ծախսատա՞ր են եղել:
-Այստեղ մեծի կամ փոքրի խնդիրը չէ, այստեղ դրանց վերացնելու վերաբերյալ լուծումներ գտնելու տվյալ ժամանակահատվածի հետ էր կապված:
-Այսինքն` 6 ամիսը բավարար չէ՞ր դրանք վերացնելու համար:
-Իրենք գտան, որ բավարար չէ:
-Բայց, Ձեր կարծիքով, բավարա՞ր է:
-Այո, դա նորմալ ժամկետ էր, բայց իրենք գտան` ավելի լավ է դադարեցնել, որովհետեւ կասեցման ժամանակահատվածում փաստացի իրենց օդանավերը վարձակալած էին, եւ վարձերը պետք է տային օդանավի սեփականատիրոջը եւ, դրա հետ կապված, նախընտրեցին դադարեցնել:
-Հնարավոր չէ՞ր զիջել ընկերությանը եւ թերությունները վերացնելու համար տրված ժամկետը երկարաձգել:
-Այստեղ զիջելու խնդիրը չէ, այլ կարգն է այդպես սահմանում, որ նմանատիպ թերությունների ժամանակ առավելագույնը տալիս ենք 6 ամիս ժամկետ, որից հետո որոշում ենք կայացնում: Իրենք որոշում կայացրեցին, որ իրենց ձեռնտու չէ: Ես նորից կրկնեմ` իրենց օդանավերը վարձակալած էին, եւ նույնիսկ 1 ամիս կանգնելու դեպքում այդ օդանավերի վարձերը ընկերությունը փաստացի պետք է վճարեր: Հավանաբար ֆինանսական խնդիրներն էին պատճառը:
-Իրենք հայտարարում էին, որ ունեին ֆինանսական խնդիրներ…
-Ֆինանսական խնդիր որ ունեցել են, ես դրանից տեղյակ չեմ: Մենք տեղեկացված չենք եղել, որովհետեւ մեր հարցումների արդյունքում աշխատավարձերը նորմալ ստացել են, եւ օդանավերը տեխսպասարկումը ժամանակին անցել են: Որեւէ տեղեկություն, որ ֆինանսական խնդիրներ ունեն, մենք չենք ունեցել: Մյուս ավիաընկերություններում էլ ենք ստուգումներ անցկացրել, թերությունները երկրորդ դասի են եղել, այսինքն` անմիջական թռիչքի վրա ազդեցություն չունեցող են, որոնց վերաբերյալ ժամկետը տրվում է առանց շահագործողի վկայականը կասեցնելու, եւ այդ ժամկետում թերությունները վերացվել են: Հիմա ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա:
-Պարո՛ն Գյուրջյան, ըստ որոշ տեղեկությունների` «Տարոն Ավիա» ընկերությունը տեղափոխվել է Աֆրիկա եւ այնտեղ է սկսել գործունեություն ծավալել: Դուք տեղյա՞կ եք:
-Ինչքան Դուք եք լսել, նույնքան էլ ես: Պաշտոնական ոչինչ չունենք: Իրենք մեզանից ուզել են միայն թռիչքային ապագրանցման սերտիֆիկատները: Արտահանման սերտիֆիկատ չեն պահանջել, իսկ նման դեպքերում մենք չգիտենք, թե իրենք ուր են արտահանում:
Հ.Գ.
1 Նշենք, որ «Տարոն Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ չվերթներ չեն իրականացնում: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի օդանավակայաններում խտրական գներ են տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների համար: Այսինքն` գործում է երկու տիպի սակագին, մեկը` տեղական, մյուսը` օտարերկրյա ավիափոխադրողների համար: Բացի այս, ընկերությունը վնասներ կրել է նաեւ ամռանը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին բավականին էժան գներով Հայաստան տեղափոխելու արդյունքում:
Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանի` ընդառաջ են գնացել կառավարության խնդրանքին. ընկերության սեփականատերը` Գառնիկ Պապիկյանը, բարի կամքի դրսեւորում է ցուցաբերել եւ, իհարկե, ինքնարժեքի սահմանված ցածր գնով կազմակերպել է այդ թռիչքը:
Հ.Գ.
2 «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն բոլոր հեռախոսահամարները անջատված են:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը