ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն իր կադրերի համար «դոշ է տալիս». Վահագ Ռաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ, երգահան Վահագ Ռաշի հետ զրուցել է ներքաղաքական վերջին զարգացումների, հետհեղափոխական Հայաստանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի արդարացի լինել-չլինելու, հակահեղափոխական ուժերի ձեռագրի եւ այլ թեմաների շուրջ:

-Վահա՛գ, թավշյա հեղափոխությունից Ձեր ունեցած ակնկալիքները գոնե ինչ-որ չափով արդարացե՞լ են: Վերակազմավորված Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ոլորտում զգալի դրական տեղաշարժեր իրականացնու՞մ է:

-Իմ մաշկի վրա փոփոխություն զգացել եմ ոչ որպես արվեստի մարդ, այլ պարզապես քաղաքացի: Օրինակ՝ մաքսային, հարկային դաշտում դրական տեղաշարժեր եմ նկատում: Իսկ կոնկրետ նշյալ նախարարության մասով ոչ մի տեղաշարժ չեմ տեսել: Այդ փոփոխությունները գուցե կարող էին ակնհայտ լինել, եթե Մշակույթի նախարարությունն առանձին կառույց լիներ:

Վերկազմավորելը, կարծում եմ, սխալ որոշում էր: Նախկինում էլ այդ գերատեսչությունը չէր անում լուրջ քայլեր, հիմա էլ չի անում: Երգարվեստի մասով, օրինակ, հեղափոխությունից հետո էլ փոփոխություններ չեղան, այնինչ պաշտոնյաները կարող էին օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ եւ, օրինակ, այնպես անել, որ անորակ երաժշտությունը 23:00-ից հետո գոնե Երեւանի կենտրոնի սրճարաններում, ռեստորաններում չհնչեր:

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողների մասին: Կա տեսակետ, որ հակահեղափոխական ուժերը թիրախավորել են նախարարին: Համաձա՞յն եք, թե՞, այնուամենայնիվ, հրաժարականի պահանջն արդարացված է:

-Կարծում եմ, որ հակահեղափոխականներ են թիրախավորել նախարարին, քանի որ նրանք իշխանությանը պախարակելու առիթը բաց չեն թողնում: Պահանջել, որ քանդվի այդ գերատեսչությունը եւ Մշակույթի նախարարությունը առանձին կառույց դառնա, ես համաձայն եմ, բայց որ կոնկրետ Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում, աբսուրդ է. ոչ մի հիմնավոր փաստարկ չկա դրա համար:

-Անկախ Հայաստանում մշակույթի նախարարները հաճախ են փոխարինել մեկը մյուսին: Նրանցից որի՞ գործունեությունն եք համեմատաբար արդյունավետ համարում:

-Երեւի Արմեն Ամիրյանն էր իր տեղում:

-Իսկ Դուք տեսնու՞մ եք այսպիսի մի վտանգ. յուրաքանչյուր մարդ, որը խոսում է ներկայիս իշխանության դեմ, հաճախ որակվում է որպես հակահեղափոխական:

-Սա խոսում է այն մասին, որ մարդիկ վախենում են հին ռեժիմի վերադարձից եւ քննադատողին ասոցացնում են այդ ռեժիմի հետ: Մի բան «թարս» ասացիր՝ մտածում են՝ «պիցցա ես կերել»: Ի դեպ, տեղյակ եմ, որ նախորդ իշխանությունը իր հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ քննարկումներ էր անում, իսկ հիմա չգիտեմ՝ իշխանությունը առողջ քննադատություններին ուշադրություն դարձնում է, թե ոչ:

-Վագա՛հ, ըստ Ձեզ՝ արժեքների հեղափոխություն Հայաստանում տեղի ունեցե՞լ է:

-Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ արեց հեղափոխություն: Ժողովուրդը վստահում է Փաշինյանին, ոչ թե նրա հետ քայլողներին. եթե ուշադիր լինեք, քննադատություններն ուղղված են հիմնականում այդ մարդկանց, եւ ամեն անգամ Փաշինյանը իր կադրերի համար «դոշ է տալիս»:

-Եվ վերջին հարցը՝ Դուք Ձեր երեխաների ապագան Հայաստանում տեսնու՞մ եք:

-Ես բազմիցս ունեցել եմ արտերկրում մշտական ապրելու հնարավորություն, բայց չեմ գնացել: Հայաստանում քիչ հայերով ենք մնացել, պետք է այնպես ապրենք, որ հետագա սերունդները հեղափոխության կարիք չունենան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս