ՏԵՍԱՆՅՈՒԹ. IDBank-ը չի ընդունում դատարանի կայացրած վճիռը. անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը վտանգում է բանկային համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է՝ «Բ.Մ.Լ. Արզնի» եւ նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը: Ըստ որի՝ դատարանը բավարարել է հայցը եւ վճռել հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն դոլարին համարժեք գումար:

Սակայն այս առիթով բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է հետեւյալը. «Բանկը չի ընդունում կայացված վճիռը եւ շարունակում ենք պնդել, որ գրավի առարկա՝ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում Բանկը չի խախտել որեւէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն: Ուստի բացարձակապես անհիմն եւ կողմնակալ ենք համարում դատարանի՝ Բանկից գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռը, ընդ որում, փաստորեն, հօգուտ մի մարդու, որը Հայաստանում հայտնի է տարիներ ի վեր ՀՀ տարբեր բանկերի հետ խնդրահարույց իր գործելաոճով: Միայն «Անելիք Բանկին» եւ դրա բաժնետերերին սույն «գործարարի» կողմից հասցված վնասը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ»:

Այսօր այս թեմայի շուրջ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս դատական գործը բավականին մեծ հնչեղություն է ստացել: «ՀՀ-ի պատմության եւ Հայաստանի բանկային համակարգի ողջ պատմության ընթացքում չի եղել նման մեծության եւ էության դատական գործընթաց:

Այս առումով ինքը իրոք աննախադեպ է: Երկրորդ կարեւոր հանգամանքը, թեեւ տվյալ դատական գործընթացը վերաբերվում է «Անելիք Բանկին», բայց նշենք, որ տվյալ գործարարը եւ նրա հետ կապված կազմակերպությունները ունեն բազմաթիվ դատական գործընթացներ ոչ միայն «Անելիք» բանկի, ներկայումս՝ IDBank-ի, այլ նաեւ Հայաստանի թվով 7 առեւտրային բանկերի հետ ունեն տարբեր տիպի խնդիրներ: Եւ ինչպես խորհրդարանում որակվեց՝ նման անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը իրոք վտանգում է Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի կայունությունը:

Բանկը դինամիկ զարգանում է: մենք շատ լուրջ ծրագրեր ունենք Հայաստանում նպատակա ունենք դարձնել միջազգային բանկ, մեր ծառայությունները Հայաստանից արտահանենք դուրս: Այսինքն, մենք ունենք լուրջ ռազմավարություն, նպատակ՝ զարգացնելու բանկը և դաևձնելու առաջատար բանկ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Բանկի որևէ հաճախորդ չի կարող տուժել: Բանկը ունի բավարար կապիտալ»,- նկատեց Մ. Աբրահամյանը:

Տեղեկացնենք, որ այս դատական գործընթացի հիմքում ընկած է մի համաձայնագիր, որը 2016 թվականին ստորագրվել է «Անելիք Բանկի» եւ «Արզնի» ընկերության միջեւ:

 




Լրահոս