Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական չեմպիոնը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը` առաջնահերթություն տալով առավել խոցելի երեխաներին: «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ բարի կամքի դեսպան: Առաջարկն ընդունել եմ անմիջապես, քանի որ կապված է երեխաների ապագայի հետ»,- ասաց Ալեքսանյանը: Գյումրեցի մարզիկը փաստեց, որ ըստ վիճակագրության մինչև 5 տարեկան երեխաների 14 տոկոսը նորմայից բարձր քաշ ունի, իսկ 9 տոկոսը թերսնված է: «Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի` առողջ սնվելով»,-շեշտեց մարզիկը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Օլիմպիական չեմպիոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ ընտանիքին միանալու համար և վստահեցրեց, որ Ալեքսանյանի օգնության միջոցով Հայաստանում առավել մեծ արդյունքների կհասնեն: