Ամուլսարի հանքի շահագործման հարցով քաղաքացիների հետ հանդիպման շուրջ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին Մերի Գալստյանին։
-Տիկին Գալստյան, ի՞նչ տպավորություն ստացաք երեկ Ջերմուկ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպումից:
-Ընդհանուր տպավորությունս այն էր, որ նման շփումներն ու հանդիպումները պետք է լինեն հաճախակի: Մեր նպատակն է ապահովել երկխոսությունը պետական կառավարման մարմինների և տեղի բնակիչների միջև, լրացնել ստեղծված իրավիճակում պետության կողմից իրականացված և իրականացվող գործողությունների վերաբերյալ իրազեկման և տեղեկատվության հնարավոր բացերը: Ինձ համար կարևոր է, որ մարդիկ վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և նաև հնարավորություն արտահայտելու իրենց մտահոգությունները, բարձրաձայնեն իրենց համար կարևոր հարցեր,խնդիրներ և ստանան դրանց պատասխանները:
– Ի՞նչ մթնոլորտում է անցել հանդիպումը, արդյոք լարվածություն եք նկատել Ամուլսարի հանքի շահագործման հարցում:
-Կարող եմ փաստել, որ հանդիպումն անցավ բավականին կառուցողական մթնոլորտում:
– Եղե՞լ են արդյոք արմատական տեսակետ արտահայտողներ, ովքեր ամեն կերպ դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը:
-Մարդիկ կային, ովքեր հարցեր էին տալիս ու պարզաբանումներ պահանջում, մարդիկ էլ կային, ովքեր հստակ դիրքորոշումներ էին արտահայտում: Այս դիրքորոշումների մեջ, այո, կային նաև արմատական կարծիքներ:
-Օրենսդիրի դերը ո՞րն է ստեղծված իրավիճակում. ստացվում է` այս հարցը դեռ մնում է «Իմ քայլ»-ի օրակարգում:
-Այս հարցը, ինչպես նաև շատ այլ խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք, շարունակում են մնալ մեր օրակարգում: Օրենսդրի դերը ինչպես գործընթացի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների իրացման մեջ է, այնպես էլ հանրային համերաշխության և երկոսության կառուցումն է, ինչին, թիվս այլոց, ուղղված են մեր հանդիպումները և քննարկումները համայնքի բնակիչների հետ: Նաև երկարաժամկետ կտրվածքով օրենսդիրն աշխատում է ընդերքի և շրջակա միջավայրի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ հետագայում այս և նմանատիպ իրավիճակներում պետության հնարավոր խոցելիությունն առնվազն իրավական դաշտում չեզոքացնելու նպատակով:
– Ի՞նչ հավաստիացումներ են տրվել քաղաքացիներին. որ դեպքում իշխանությունները թույլ չեն տա հանքի շահագործումը:
-Հանքի շահագործման վտանգների մասին իրավական անխոցելի ապացույցներ և հիմքեր ունենալու պարագայում բացառվում է հանքի շահագործումը: Հավաստիացումն այն է, որ մենք գործելու ենք թափանցիկ և հաշվետու՝ պարզելու արդյոք կան այդ հիմքերը թե ոչ: