Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ գյուղմթերք ներկրել: Ներկրվում է ոչ միայն լոլիկ, վարունգ, այլեւ կարտոֆիլ, կաղամբ: Ընդ որում` նշված մթերքների ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է 20 տոննա: Մեկ տարվա ընթացքում տարբերությունը հսկայական է: Ի դեպ, տեղեկացնենք, որ լոլիկ Հայաստան ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա: Սակայն հիմնական քանակությունը` 2756 տոննան, Հայաստան մտել է Թուրքիայից:
Հայտնի է, որմեր հանրապետությունում հողօգտագործողները տեւական ժամանակ է` պայքարում են, բայց չեն կարողանում ազատվել լոլիկիցեցից: Վերջին տարիներին լոլիկի արտադրության կրճատման պատճառը հարավամերիկյան ցեցն է: ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի որոշ գյուղերի բնակիչներ լոլիկի հարավամերիկյան ցեցի պատճառով մեծ վնասներ են կրում:
Մասնագետների պատմելով` ցեցըսնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, թիթեռներիթռիչքըսկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերիվերջ: Շատերը դրա դեմ երկար պայքարելուց հետո հրաժարվում են լոլիկ մշակելուց: Սա է հիմնական պատճառը, որ մեզ մոտ լոլիկի բերքատվությունը տարեցտարի պակասում է: Մյուս խոչընդոտը ոռոգման ջրի խնդիրն է, քանի որ Արարատյան դաշտավայրում մեծ թիվ են կազմում այն հողատարածքները, որոնք ջուր չլինելու պատճառով այսօր չեն մշակվում:
Եւ զարմանալի չէ, քանի որ Հայաստանում անցած տարվա ընթացքում արտադրվել է 17 հազար 903 տոննա լոլիկ, իսկ 2017-ին` 24 հազար 532 տոննա: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 6629 տոննայով պակասել է լոլիկի բերքատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ չեն կարող տվյալներ ներկայացնել լոլիկիայս տարվա բերքատվության ծավալների մասին՝ պատճառաբանելով, որ հավաքագրվող ցուցանիշ է եւ տարվա ավարտին պարզ կլինի: Ինչեւէ, մեզ մնում է հուսալ, որ նախարարությունը այս առումով ոչինչ չի թաքցնում:
Լոլիկի բերքատվության պակասն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաեւ տոմատի մածուկի արտադրության ծավալների վրա: Այսօր տոմատի մածուկի պահանջը լրացնում է այլ երկրից ՀՀ ներկրվածը: Ավելին, մեզ ՊԵԿ-ից հայտնի դարձավ, որ լոլիկի մածուկի ներկրման ծավալներն են ավելացել:
Օրինակ, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 303 տոննա լոլիկի մածուկ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում ներկրված լոլիկի մածուկը կազմել է 1018 տոննա: Ի դեպ, լոլիկի մածուկ ներկրվել է Իսպանիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ի դեպ, ըստ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի` տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ոչ թե տեղական լոլիկն են մթերել եւ տոմատի մածուկ արտադրել, այլ այն ներկրել են այլ երկրներից: Այս մասին են վկայում նաեւ թվերը:
Նույն պատկերն է նաեւ վարունգի դեպքում,այսինքն` վարունգի ներկրման ծավալները եւս աճել են: «Ժողովուրդ» օրաթերը ՊԵԿ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է 915 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 335 տոննայի դիմաց: Նշենք, որ վարունգ ներկրվել է հիմնականում Իրանից 893 տոննա, Վրաստանից` 11 տոննա,իսկ Թուրքիայից Հայաստան մտել է 10.5 տոննա վարունգ:
Այն որ Հայաստանը վերջին տարիներին սկսել է մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել, դա հայտնի փաստ է`տարեցտարի դրա քանակությունն ավելացնելով: Օրինակ, 2018 թվականի վեց ամիսներին Հայաստանը ներկրել է 1941 տոննա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա կարտոֆիլ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գյուղացիները ինչպեսլոլիկի, այնպես էլ կարտոֆիլի դեպքում սկսել են տարեցտարի քիչ մշակել, քանի որ իրացման խնդիր ունեն: Մեծ ծախսեր են անում, բայց բավականին էժան գնով այն վաճառում են, որըձեռնտու չէ: Փոխարենը Հայաստան կարտոֆիլ ներկրվում է Բելառուսից 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդերլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա:
Ի դեպ, Պակիստանից եւս ՀՀ ներմուծվել է կարտոֆիլ 150 տոննայի չափով: Չնայած սրան` նկատենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որըչի ճանաչում Հայաստանը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: Բայց, փաստորեն, դա չի խանգարում, որպեսզի Հայաստանը Պակիստանից կարտոֆիլ ներկրի:
Մյուս կողմից, կաղամբի ներկրման ծավալները եւս ավելացել են. եթե անցած տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 1737, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներկրված կաղամբը կազմել է 2615 տոննա:
Սյունէ Համբարձումյան