ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջիկայում հնարավորություն կունենա քրեակատարողական ծառայության պետին կամ աշխատողին պարգեւատրել:
Պարզվում է, որ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ եւ քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգեւատրում խրախուսանքի տեսակները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը նախագիծ է մշակել, որով պետք է փոփոխություններ եւ լրացումներ կատարվեն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում:
Եւ արդյունքում ոչ միայն արդարադատության նախարարը, այլեւ քրեակատարողական ծառայության պետը հնարավորություն կունենան խրախուսել մեդալով, կրծքանշանով եւ քրեակատարողական ծառայության պատվոգրով:
Ի դեպ, երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները. շնորհակալության հայտարարում, միանվագ դրամական պարգեւատրում. հուշանվերով պարգեւատրում, արտահերթ կոչման շնորհում, տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, կրծքանշանով պարգեւատրում:
Ի դեպ, նշենք, որ նախագիծը ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւ երեկվա դրությամբ այն հավաքել է 3 կողմ ձայն:
Սյունէ Համբարձումյան