ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության անդամ է և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել։ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը նախագահը լավ հնարավորություն է համարել ոչ միայն զբոսաշրջության, այլև երկկողմ գործարար կապերի զարգացման համար։ «Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլև ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության և սպասարկման ոլորտ, նաև՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին և գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել զբոսաշրջության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, ոսկերչության և այլ ոլորտներ։

Կատարի գործարարների ասոցիացիայի անդամները ողջունել են նախագահ Սարգսյանի այցն իրենց երկիր և Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարցի գործարարների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով։




Լրահոս