Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների եւ հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Ս. Խաչատրյանի եղբայրն էլ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել եղբոր՝ Աղալար Խաչատրյանի հետ, որը վրդովված պնդել է՝ դատարան է դիմելու. «Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուս եղբայրը մահացել է»: Իսկ ՀՔԾ մեղադրանքով` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եւ այժմ մեղադրանք է առաջադրվել ե՛ւ Լ. Առաքելյանին, ե՛ւ Ա. Գեւորգյանին:

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է: Նրա եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ասել է նաեւ. «Նորավան համայքի ո՛չ գյուղապետին եմ ճանաչում , ո՛չ մեկի հետ շփված չեմ: Մյուս եղբայրս մահացել է, ուզում են երեւի գցեն վրան, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»: Հարցին` կապ ունի՞ եղբոր հետ, Ա. Խաչատրյանը պատասխանել է, թե միշտ էլ խոսում է Սուրիկ Խաչատրյանի հետ, «վիճակը լավ չի, պառկած է»:

Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են: «Թողեք` էդ մարդն իր մահով մեռնի, գործ չունեք, մեղք է»,- ասել էր Ս. Խաչատրյանի մտերիմ գեներալը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս