Կոռումպացված նախկին պաշտոնյաներն անմիջապես գլխի կընկնեն, որ ներկայացումն իրենց մասին է. Անդրանիկ Հարությունյանը՝ «Բումերանգ»-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հանդիսատեսն արդեն կարող է դիտել «Բումերանգ» ներկայացումը, որը Սեդրակ Գոջամանյանի նոր բեմադրությունն է: Ներկայացման հիմքում ապրիլյան հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններն են: «Բումերանգ»-ի դերասաններից Անդրանիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը նախորդ ռեժիմի ներկայացուցչի մասին է, որը թաքնվում է ներկայիս իշխանությունից, ցանկանում է կախվել, որպեսզի իր, իր ընտանիքը շատ չթիրախավորվի: Ներկայացման մեխը սա է:

Եթե հիշում եք, «Գլամուրային չոբաններ» ներկայացումը նախորդ իշխանության գործելաոճի մասին էր՝ ընտրությունների կեղծումից մինչեւ այլ ապօրինություններ, իսկ «Բումերանգ»-ը արդեն նախորդ ու ներկայիս իշխանության ներկայացուցիչների հարաբերությունների, նրանց բախման մասին է: Ներկայիս իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ կոռումպացված նախկին պատգամավորի տեսակը վերանա այս երկրից»:

Անդրանիկի համոզմամբ՝ եթե ներկայացմանը ներկա լինեն կոռումպացված պաշտոնյայի կերպարի նախատիպերը, անմիջապես գլխի կընկնեն, որ «Բումերանգ»-ը հենց իրենց մասին է: Հանդիսատեսը նույնպես կարող է զուգահեռներ տանել իրեն ծանոթ պաշտոնյաների եւ ներկայացման կերպարների միջեւ: Մի շարք նշաններով կարելի է կռահել, թե որ կերպարը ում է հիշեցնում:

Ի դեպ, պիեսը, որի հիման վրա բեմադրվել է ներկայացումը, գրել է սցենարիստ Արմեն Վարդանյանը: Դերասանական կազմում են Լեւոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը եւ Եվա Զոհրաբյանը: «Բումերանգ»-ը խաղացանկային ներկայացում չէ, այն կրում է կոմերցիոն բնույթ:

Անի Անտոնյան




Լրահոս