Որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է. Եգոր Գլումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արժեքների հեղափոխության, մեր ժողովրդի` չափից դուրս քաղաքականացված լինելու, հետհեղափոխական Հայաստանի, մեր երկրում կրթության որակի եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ: Նա տեսակետ է հայտնել, որ որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է, ուստի հարկավոր է քիչ խոսել ու շատ գործել, քիչ համեմատվել նախորդների հետ, քանի որ բացասական օրինակի հետ համեմատվելը հեշտ է: Հաղորդավարն այն համոզման է, որ մեր երկրում խնդիրների մեծ մասը ծագում է այն բանից, որ յուրաքանչյուրին թվում է, թե ինքը բոլոր կարգի թեմաներից գլուխ է հանում:

-Եգո՛ր, ի՞նչ եք կարծում, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում արժեքների հեղափոխություն եղա՞վ: Չէ՞ որ եթե արժեքները մնում են նույնը, հեղափոխության մասին խոսք լինել չի կարող:

-Ամենակարեւորն այն է, որ հեղափոխություն լինի մարդկանց մեջ, ոչ թե կառավարությունում, Անձնագրային վարչությունում կամ ԺԷԿ-երում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինքն արժանի՞ զավակ է իր հայրենիքի համար, թե՞ ոչ: Որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է: Պետք է քիչ խոսել ու շատ գործել, քիչ համեմատվել նախորդների հետ. վատի հետ համեմատվելը հեշտ է:

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է մեր հասարակությունն այսքան քաղաքականացված: Այն, որ Հայաստանը փոքր երկիր է, ունի սոցիալական մի շարք խնդիրներ, եւ այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, դա հասկանալի է, բայց արդյոք միայն դա՞ է պատճառը:

-Ես քաղաքականացված չեմ… Որովհետեւ մարդիկ պարապ են: Աշխատանք ունեցող, զբաղված մարդը, որը մտածելիք ունի, հոգսեր, երեխա է դաստիարակում, ֆիզիկապես այդքան ժամանակ չի կարող ունենալ քաղաքականացվելու համար: Յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի: Քաղաքական գործիչներն իրենց գործով թող զբաղվեն, մենք՝ մեր, աշխատենք չխանգարել իրար:

Ցավոք, մեր հանրության մեջ բոլորն իրենց մասնագետ են համարում, բոլորը գիտեն՝ ինչն էր պատճառը, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 9:1 հաշվով պարտվեց Իտալիային, ինչպես պետք է նկարել սերիալ, հարցազրույց անել, գովազդ գրել, վարչապետ լինել եւ այլն: Բոլորն ամեն ինչի մասնագետ են: Սա է մեր ամենամեծ խնդիրը:

-Ձեր երեխաների ապագան մեր երկրում տեսնու՞մ եք:

-Իմ երեխաներն իրենք պետք է դա որոշեն: Անձամբ իմ ապագան հաստատ կարող եմ ասել, որ մեր երկրում եմ տեսնում: Երեխաներս կմեծանան, կորոշեն իրենց անելիքները: Ես, իհարկե, որպես ծնող, կցանկանամ, որ նրանք իմ կողքին լինեն:

-Այն կրթության որակը, որը նրանք ստանում են Հայաստանում, Ձեզ՝ որպես ծնողի, բավարարու՞մ է:

-Ցավոք, ոչ, չի բավարարում, բայց նաեւ հասկանում եմ, որ կրթական խնդիրները մեր երկրում չեն կարող մեկ օրում լուծվել: Կրթության ներկայիս մակարդակը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում իսկապես ցավոտ խնդիր է, բայց այսօր շատ են հնարավորությունները ինքնակրթությամբ զբաղվելու համար: Երեխան, որն ուզում է սովորել, այդ հնարավորություններն ունի, արտերկրում ուսանելու շանսեր եւս կան:

-Եվ վերջին հարցը՝ հեղափոխությունից հետո Դուք Ձեր մաշկի վրա դրական տեղաշարժեր զգացե՞լ եք: Եթե այո, կոնկրետ ի՞նչ եք նկատել:

-Ես զգում եմ, որ մարդիկ հիմա ավելի ազատ են, ավելի ժպտերես, շատերի ապագան արդեն հուսադրող է: Բայց նաեւ վատ միտում եմ նկատում. մեր հասարակությունը պառակտվել է երկու մասի: Անձամբ ես ո՛չ հեղափոխությունից առաջ, ո՛չ հիմա խնդիր չեմ ունեցել եւ չունեմ: Ինչպես ապրում էի, նույնկերպ շարունակում եմ ապրել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս