Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործուղումները վերջին շրջանում առանց արտառոց միջադեպերի չեն անցնում:
Դրանք հիմնականում առանձնանում են գրեթե նույնաբովանդակ ընթացքով: Բոլոր դեպքերի կիզակետում ադրբեջանցիներ են: Առաջին հայացքից, գուցե, շարքային, ոչ պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, սակայն իրականությունը կարող է այլ լինել:
Ինչևէ, դեռ չմոռացած նոյեմբերի 12-ին Փարիզում ադրբեջանցի լրագրողի անսպասելի խնդրանքը, երեկ վարչապետ Փաշինյանը մեկ այլ ադրբեջանցու «բախվեց»: Վարչապետը հանդիպում ունեցավ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը եկեղեցի մտավ բլոգեր ներկայացած մի անձ, ով նախ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, ապա նրանից խնդրեց դադարեցնել պատերազմը:
«Ազատեք խնդրում եմ մեր հողը»,- ասաց ադրբեջանցին:
Հայաստանի վարչապետը, ի լուր ադրբեջանցիների, հայտարարեց. «Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը:
Իսկ ինչ էր տեղի ունեցել Փարիզում: Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսում ելույթ ունենալուց հետո Հայաստանի վարչապետին հարց ուղղեց մի ադրբեջանցի, որը հետո ներկայացավ որպես անկախ բլոգեր: Հարցուպատասխանի ընթացքում նա նախ գրիչ նվիրեց Փաշինյանին, իսկ վերջում էլ մոտեցավ Հայաստանի վարչապետին ու խնդրեց լուսանկարվել նրա հետ: Նիկոլ Փաշինյանն էլ չմերժեց ադրբեջանցի բլոգերին:
Ի դեպ, ադրբեջանցիները երբեք խոչընդոտների չեն հանդիպել Փաշինյանին դիմելիս: Ինչպես հայտնի է՝ ընթացիկ տարվա հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչո՞ւ հայերը չեն ազատում օկուպացված տարածքները: Ի պատասխան, Փաշինյանը նշեց, թե ինչպե՞ս կարող են մարդիկ տարածք օկուպացնել, որտեղ ծնվել են:
Այսպիսով, ակնհայտ է մի բան, Ադրբեջանի ներկայացուցիչները որևէ առիթ բաց չեն թողնում Հայաստանի վարչապետի հետ երկխոսության մտնելու ուղղությամբ, քանի որ վստահ են, որ բռնաճնշումները, որոնք առկա են իրենց երկրում, բացակայում են հայերի դեպքում: