Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինըմ Երևան» հյուրանոցում:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է մի շարք կարևոր ու առանցքային որակներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են առաջնորդի սեփական ուղին կերտելու համար: Ինչպես Յիրիկյանը նշել է. «Առաջնորդ լինելու համար պետք է կարողանալ օրինակ ծառայել, և առաջնորդության այս բանաձևի հիմքում բարոյական արժեքներ են:

Չէ՞ որ առաջնորդելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է բխի տեսլականից ու այն կյանքի կոչելու կամքից, այն կապված է անձնական պատասխանատվության հետ՝ թիմի ու հասարակության առջև: Թիմային ոգու ստեղծումն ու նպատակադրումը պահանջում են մոտիվացում՝ անկեղծ ու իրական օրակարգի շուրջ:

Ահա սա է առաջնորդի, ղեկավարի առաքելությունը: Այսօրվա թվային իրականության և արագ ընթացող փոփոխությունների ու մարտահրավերների պայմաններում հատկապես՝ առաջնորդից պահանջվում են իրապես ստեղծագործական և համարձակ լուծումներ: Թվային աշխարհի գործիքների ճիշտ կիրառումը մեծապես օգնում է այս հարցում: Ավելի քան հազարավոր հնարավորություններ են ստեղծվում անընդհատ առաջ շարժվելու, ստեղծելու ու ստեղծագործելու համար»:

Բաց դասի ընթացքում տեղի է ունեցել անկեղծ զրույց ու մտքերի փոխանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է դասախոսության մասնակիցներին հուզող հարցերին, մասնավորապես՝ գործարարության ոլորտին վերաբերյալ իր պատկերացումներին:

«Առհասարակ, պետք է հաշվի առնել այն, որ «թվայնացումը» միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ նախ և առաջ՝ մտածողության փոփոխությանը: Սա ռազմավարության, բիզնեսի վարման տրամաբանության խորքային վերանայման հարց է», – նշել է Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը հավելել է. «Երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասնհինգ տարի առաջ սկսեց ծավալել իր գործունեությունը, ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ կգա մի օր, երբ կկանգնենք հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Բայց մեր թիմային աշխատանքը, ստեղծագործական միտքն, ուժն ու եռանդը բազմապատկվել են, հարստացել «X», «Y» ու «Z» սերունդների պատկերացումներով, ստեղծել խենթ, բայց և իրագործելի գաղափարների հարուստ խառնուրդ («rich mix»), որը համարձակություն է ենթադրում ու թույլ չի տալիս վարանել ու ետ կանգնել առաջ գնալու մտքից, բացում է գործունեության նոր հորիզոններ»:

Դասախոսության ընթացքում հարց է հնչել 5G (շարժական կապի հինգերորդ սերնդի ցանց) ներդրման ժամկետների վերաբերյալ: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռևս հասանելի չեն: Գլխավոր տնօրենի կարծիքով, մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: «Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով», – ասել է Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:




Լրահոս