
ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ այս տարվա նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ միջոցներն ուղղվելու են «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է պետական պարտքի եւ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության եւ ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում եւ կորպորատիվ պարտքի եւ բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում: