Առաջարկում են տեխզննման կայանից օգտվելը ոչ պարտադիր դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել: Այն առաջիկայում կքննարկվի Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողովում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:

Պարզվում է` պատգամավորները խիստ մտահոգված են պարտադիր ավտոտրանսպորտային տեխզննման կայանների կողմից մատուցած ծառայությունների որակով,քանի որ այս համակարգն իր առջեւ դրված առաքելությունը չի կատարում պատշաճ մակարդակով: Համենայնդեպս, այդպես կարծում են նախագծի հեղինակները` Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը:

Հեղինակների կարծիքով` տեխզննման կայաններն, ըստ էության, օրենքով նախատեսված ծառյությունները չմատուցելով, ապահովում են իրենց համար գերշահույթներ: Այսինքն` հասարակությունը վճարում է մի ծառայության դիմաց, որը չի ապահովում անվտանգության նկատառումներով նախատեսված տեխնիկական զննության ընթացքում գոյություն ունեցող տեխնիկատրանսպորտային խնդիրների բացահայտումը: Ըստ նախագծի` պարտադիր տեխզննումը իրենից ենթադրում է 70 կետից բաղկացած ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը, իսկ գերակշիռ դեպքում զննությունը իրականացվում է միայն 4 կետի մասով:

Ըստ հեղինակ պատգամավորների` տարեցտարի գնալով ավելանում են տեխնիկական անսարքության պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացածության դեպքերը: Բայց, չգիտես, թե ինչու, քրեական գործ չի հարուցվում տեխզննման կայանների նկատմամբ, որում կհիմնավորվի, թե պատահարը առաջացել է տեխնիկական անսարքության պատճառով: Ավելին` նախագծի հեղինակները համոզված են, որ համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, եւ նրանք հույս ունեն, որ իրենց բերած օրենսդրական նախաձեռնությունը կբարելավի այս համակարգը, կկարգավորի ֆինանսական մուտքերը պետական բյուջե` նպատակային դարձնելով քաղաքացիների վճարները:

Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար` դրա համար սահմանելով նոր դրույքաչափ` պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով: Ըստ պատգամավորների` բենզինով, հեղուկ կամ բնական սեղմված գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր:

Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի` ՀՀ-ում գրանցված ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերը ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը եւ ընդլայնմանը: Այս փոփոխությունների շնորհիվ` պատգամավորները վստահ են, որ, մի կողմից, կնվազի քաղաքացու հարկային եւ վճարային բեռը, մյուս կողմից` կմեծանա ՀՀ բյուջե մուտքը:
Սակայն ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած նախագիծը դժգոհությունների ալիք է բարձրացրել որոշ վարորդների մոտ: Վարորդները հորդորում են տեխնիկական զննություննը ոչ թե վերացնել, այլ դարձնել պարտադիր եւ վերահսկել գործընթացը: Իսկ, ահա, վարորդ Մայա Ալեքսանյանն առաջարկում է տեխզննում կատարող տեխնիկան ու անձնակազմը ամբողջությամբ թարմացնել. «Քանի որ մի շաբաթ ժամանակ, ներվեր ու ֆինանսներ ծախսելուց հետո ես մեկ այլ տեխզննման կայանի միջոցով բացահայտեցի, որ Ադոնցի վրայի տեխզննման ստենդը մի օր աշխատում է, մի օր` ոչ, այլ ոչ թե իմ մեքենան էր անսարք` առանց տոռմուզների…»:

Վարորդ Դավիթ Սիրադեղյանը եւս կողմ է խիստ տեխզննմանը. «Ես շատ կուզեմ, որ վերջապես լինի լուրջ, խիստ տեխզննում, որ ամեն մի շարժական մետաղի ջարդոն դուրս չգա փողոց: Հիմա փաստացի անում ես վճարումներ, ստանում կտրոն, մտնում տեխզննման կայան, մի քանի բան են նայում ու քշում գնում ես: Բոլորս էլ ամեն օր տեսնում ենք ինչեր կան անիվների վրա: Դիզել շարժիչով «շարժական քախցկեղի օջախներ», առանց լույս, ծռված թեքված երթուղայիններ եւ այլն: Կոնկրետ էս օրենքը ինչն ա լավացնում` ինձ պարզ չի: Ես տեսնում եմ պոտենցիալ, հերթական ավել գումար մուծելու ինչ-որ անվան տակ, ու դա մեր երթեւեկությունը ավելի անվտանգ չի դարձնելու»:

Բայց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտարարեց, որ նոր նախագծով առաջարկում են, որ տեխնիկական զննության կայանները ոչ թե արգելվում են, այլ ոչ պարտադիր են դառնում:

«Քաղաքացին պետք է հասկանա, թե ինչի համար է վճարում: Նոր նախագծով առաջարկում ենք, որ տեխզննման կտրոնները դուրս գան, ոչ պարտադիր են դառնում, ոչ թե արգելվում են: Մենք հասկանում ենք, որ ճանապարհների զարգացման եւ օգտագործման մասին միջազգային չափանիշներ կան, մենք մտածում ենք, որ տրանսպորտային միջոցները ճանապարհների օգտագործման վրա կոնկրետ ազդեցություն ունեն. այսինքն` ամեն մեքենա ունի իր վնասը ճանապարհի վրա, մեքենայի տոննայի տարողությունը բաժանել ենք ըստ դասերի, որ ամեն մի տրանսպորտային միջոցի համար կոնկրետ ճանապարհի հարկ պետք է վճարվի: Իսկ տեխզննման մասով, դա չի նշանակում, որ մենք դեմ ենք տեխզննում անցնելուն: Սա ուղղակի նշանակում է, որ Հայաստանը պատրաստ չէ իր այսօրվա տեխզննման կայաններով ամբողջությամբ սպասարկել եւ իրականացնել այդ ծառայությունը:

Տեսեք, ինչ խնդիր կա, այսօր տեխզննման կայանը տեխզննում է անցկացնում, բայց ոչ մի անվտանգության նորմ չի տալիս քաղաքացուն: Ինքն ուղղակի ասում է` տարին մեկ անգամ տեխզննում կանցնեք ու վերջ, կա՛մ կստուգեն, կա՛մ չեն ստուգի, հետո թուղթը կտան ու կասեն` գնացեք: Այսինքն` ամբողջությամբ արհեստականություն է»,-բացատրեց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը: Ապա նկատեց, որ մինչ այժմ ոչ մի տեխնիկական զննման կայան պատասխանատվություն չի կրել որեւէ տեսակի վթարների համար:

Զրույցի ավարտին պատգամավորը հայտնեց նաեւ, որ այս նախագիծը մոտ 20 օրից կքննարկվի ԱԺ գլխադասակին հանձնաժողովում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս