Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` նշելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են. արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում, մեծ տեղեկատվության կառավարում։ Այս համատեքստում նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է հենց այս ոլորտների զարգացմանը։ Ընդգծվել է, որ այս նախաձեռնության շրջանակում կան համագործակցության լայն հնարավորություններ։
Նշելով, որ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ՝ նախագահ Սարգսյանը որպես առաջընթացի գրավական կարևորել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումը։ Այդ համատեքստում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ անհրաժեշտ է համարել նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունը, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ Նրա խոսքով՝ որպեսզի հիվանդ օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ։