Ալրաղացի Լյովիկը 40 օրով կկալանավորվի Ռուսաստանում. քննարկվելու է նրան Հայաստանին հանձնելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին (հայտնի է որպես «Ալրաղացի Լյովիկ») 40 օրով կալանավորելու միջնորդությունը, քննարկվելու է նրան ՀՀ-ին հանձնելու հարցը։

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտնվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ոստիկանության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը։

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը»,– տեղեկացրել էր Ոստիկանության մամուլ ծառայությունը:




Լրահոս