Հայաստանը երկու լաստանավ է գնելու. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանից դեպի արտերկիր մասնագետների հոսքն ավելանում է: Այսօր երկրում, օրինակ, փականագործի, մետաղ հղկող – եռակցողի լուրջ դեֆիցիտ կա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

-Պարո՛ն Մակարյան, հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, եւ 699 անուն ապրանքի գները բարձրանալու են: Այս թանկացումն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքացու գրպանի վրա:

-Մի քանի կոմպեսացիաներ կան, որ կարող է դրանք օգտակար լինեն: Առաջինը որ փոքր բիզնեսը` մինչեւ 24 մլն դրամ շրջանառության, հաջորդ տարվանից չի հարկվելու, ու դա մի հնարավորություն է, որ այն մարդիկ, որոնք փոքր, միկրո կամ ընտանեկան բիզնեսով են ապրում, իրենք կարողանան իրենց եկամուտները ավելացնել: Այս առումով գնաճը էական նշանակություն կարող է չունենալ:

Երկրորդ կարեւոր կոմպեսացիոն գործիքըեկամտահարկի նվազեցումն է, որ միջին եւ բարձր աշխատավարձի շեմի մարդիկ կարող են ավելի լավ աշխատավարձ ստանալ հարկերի նվազման պատճառով: Եւ այդ ընտանիքները, թեկուզ դրանք մի քանի կամ տասնյակ հազար են միջին մակարդակի աշխատավարձ ստացողները, բայց, այնուամենայնիվ, դա էլ որոշակի կոմպեսացիա է:

Երրորդը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, որը 40 հազար քաղաքացի ստանում է մոտավորապես նվազագույն աշխատավարձ, հետեւաբար նվազագույն աշխատավարձի տեսանկյունից որոշակի մաս էլի կոմպեսացվում է: Թանկացումները սարսափելի չեն, դրանք հիմնականում պայմանավորված են ԵԱՏՄ շրջանակի ապրանքների որոշ ակցիզային հարկի բարձրացմամբ: Բայց նախորդ տարիների ընթացքում արդեն թանկացումների մի մասը տեղի ունեցել է, եւ հիմա, ինչպես ասում են, թանկացման պոչերն են մնացել: Ճիշտ է, թվաքանակով մի քանի հարյուր են ապրանքները, բայց ցուցանիշները շատ բարձր չեն: Ես կարծում եմ, որ գնաճի պատճառով նախնական, մի ընտանիքի հաշվարկով կարող է ընդամենը մի քանի հազար դրամ ավելանան ծախսերը:

-Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը շարունակական բնույթ է կրում…

-Կարգավորվող է: Բայց վերամշակող ընկերությունների դերը պետք է ուժեղացվի, նրանց պետք է հնարավորություն տրվի, որպեսզի տարվա ընթացքում ավելի երկար աշխատեն, ոչ թե սեզոնին հինգ ամիս: Գինեգործական ընկերությունները սկսում են խաղող մթերել սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի վերջը կամ նոյեմբերի սկիզբը, դրանից հետո սկսում են գինի պատրաստել:

Պահածո արտադրողները այս սեզոնին են աշխատում, բայց եթե լինեին սառնարաններ, կիսաֆաբրիկատների ստեղծման հնարավորություններ, որոնք որ կարող էին ժամանակ առ ժամանակ վերցնել, օգտագործել, կամ մթերքները մթերվեն ավելի մեծ քանակներով, ինչպես նաեւ արտահանողներին ուժեղացնել, որոնք որ թարմ մթերքներ են արտահանում, գյուղացու բերքը եթե չմնա գետնին, ապա գյուղատնտեսությունը եկամտաբեր կդառնա: Այս ոլորտում նույնպես խնդիրներ կան` ջրի, միջատների, կրծողների դեմ պայքարի հետ կապված, պարարտանյութի տեսանկյունից Հայաստանը կարող է էկոլոգիապես մաքուր սննդի վրա կողմնորոշվել, որովհետեւ մեր որոշ համայնքները դեռ մաքուր ենք պահել: Եւ այդ տեսանկյունից պետական ծրագիրը պետք է ուժեղացվի:

Այս տարի Գյուղատնտեսության նախարարությունը, որ միացվեց, այնտեղ երկու տեղակալ կա գյուղատնտեսության հարցերով, իսկ դա կարող է բավարար չլինել այդ ռեսուրսները համակարգելու համար: Այդ միացումները ինչ-որ չափով խանգարեցին ոլորտի զարգացմանը: Այսինքն` ուշադրությունը գյուղացու, գյուղատնտեսության նկատմամբ, հնարավոր է, մի քիչ նվազեց:

-Պարո՛ն Մակարյան, մյուս կողմից` գործարարները, բեռնափոխադրող ընկերությունները վերջին շրջանում խնդիրներ ունեցան Վերին Լարսի անցակետում:

-Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետեւ հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե եւ Ռուսաստանից, իսկ լաստանավը շատ կօգնի: Պարզվում է, որ մինչեւ 2008 թվականը, երբ լաստանավերը աշխատել են, ընդամենը 30 հազար մեքենա է օգտվել Վերին Լարսից: Հիմա այդ մեքենաների թիվը դարձել է 240 հազար: Սարսափելի մեծ թիվ է: Թողունակությունը համարյա նույնն է մնացել, բայց քանակը հսկայական ավելացել է: Դրա համար լաստանավ գնելը կօգնի: Արդյունաբերության զարգացման ռազմավարության մեջ նախատեսվում են նաեւ օդային բեռնափոխադրումները: Ընդ որում, օդային բեռնափոխադրումները կարող են լինել մասնավոր բիզնեսի կամ պետության հաշվին, կարող են լինել կոմբինացված բեռներ, քանի որ այսօր օդային բեռնափոխադրումներ կատարվում են քաղաքացիական ավիացիայի շրջանակում:

-Բայց, պարո՛ն Մակարյան, գործարարների խոսքերով` Վերին Լարսում առաջացած խնդիրների հիմնական պատճառը ռուսական կողմի «կապրիզներն» են եղել:

-Ճիշտ է: Դրա հետ կապված անցած շաբաթ ԵԱՏՄ քննարկում եղավ, եւ փոխնախարարը Ռուսաստանին ներկայացրեց իրավիճակը: Այդ աղմուկը, խոսակցությունը` Վերին Լարսի հետ կապված, քննարկվեց տարբեր մակարդակներում, այդ թվում` մեկ շաբաթ առաջ նաեւ Երեւանում: Իրենք պատրաստակամ են լսելու, կարգավորելու, իմանալու: Բնականաբար, կարծում եմ, որ այդ մեսիջները տեղ պետք է հասնեն աստիճանաբար:

-Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Հայաստանից մեծ թվով մասնագետներ են գնում այլ երկրներում աշխատելու նպատակով:

-Հիմա բավականին մասնագետներ Հայաստանից հեռացել են ու հեռանում են, ցավոք: Այսօր այն մասնագետները, որոնց թվում են հասարակ փականագործ, մետաղի հղկող կամ եռակցող, արդեն լուրջ դեֆիցիտներ են: Այսօր արդեն հարյուրավոր թափուր տեղեր կան, որոնք չեն լրացվում: Բայց ընկերություններ կան, որոնք չեն կարողանում ապահովել այդ քանակները: Այսօր ընկերություն կար, որն ինձ ասում էր, որ Տաջիկստանից են հրավիրելու մասնագետ, եթե այստեղ չգտնեն: Այն ցածր աշխատուժի տեղերը լրացրել են հնդիկները, որոնք համաձայն են էժան աշխատեն ու հասարակ աշխատանք կատարել` աղբի տեղափոխում, ավտոմեքենայի լվացում եւ այլն: Կրթության համակարգը չի հասցնում լրացնել, որովհետեւ իր ռեֆորմների դեգերումների մեջ է, որոշակի իներցիոն պրոցես է, տարիներ են պետք, ու դանդաղ են գնում այդ բոլորը:

Դրա համար գործատուներն իրենք են իրենց գլխի ճարը տեսնում. մի կադրը կրթությունից նոր է մտնում աշխատաշուկա, գործատուն միջինը մոտ 500 դոլար միջինով ծախս է անում այդ անձի վրա, որ իրեն մի քանի ամսում դարձնի իր ուզած մասնագետը: Ինքը աշխատավարձ է տալիս, այլ ծախսեր է անում, բայց կարող է այդ մասնագետն իր ուզածը չդառնա կամ թողնի ու հեռանա: Հատկապես միկրո ու փոքր բիզնեսը, որը եկամուտներ շատ չունի, այդ 500 դոլարն իր համար շատ կարեւոր է: Պատկերացրեք, մի հոգին է 500 դոլար, իսկ երկու-երեք հոգին` 1000-1500 դոլար է կազմում: Միջին ներդրողը, որ ցանկանա 100 հատ աշխատատեղ ստեղծի, պատկերացրեք, որ այդ բիզնեսում 50 հազար դոլար պետք է հաշվարկի 100 մասնագետ գտնել, ուսուցանելու վրա: Կոպիտ եմ ասում, բայց այս խնդիրները կան, առաջանում են:

-Պարո՛ն Մակարյան, տվյալներ կա՞ն, թե կոնկրետ ինչ մասնագետներ են հեռանում եւ որ երկիր են գնում:

-Բժիշկները հիմա ավելի շատ գնում են Ռուսաստանի որոշ մասեր, նաեւ Եվրոպա, որոնք որ լեզու գիտեն, իրենց կրթական ցենզը թույլ է տալիս: Բացի ինժեներներից, ՏՏ մասնագետներից, նաեւ որոշ երկրներ տարեց, երեխա խնամողների կարիք ունեն: Բայց հիմնականում մեր ամբողջ աշխատանքային միգրացիայի 80-85 տոկոսը շարժվում է դեպի Ռուսաստան: Եվրոպայից մենք, հակառակը, արդեն վերադարձ ունենք: Բայց դա պայմանավորված է այն բանի հետ, որ Եվրամիության հետ պայմանագիրը, որ ստորագրել ենք, մենք համաձայնել ենք, որ պետք է վերադարձնեն այնտեղ գտնվող անօրինական քաղաքացիներին, որոնք ձեւակերպված չեն, կեցություն չունեն, նրանց վերադարձնեն: Եւ աստիճանաբար Եվրոպան նրանց վերադարձնում է, հատկապես` Գերմանիան, որտեղից արդեն հարյուրներով վերադառնում են:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս