ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ խնդրելով հնարավորինս շատ տարածել.
«Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.
1. Երևան
– Այվազովսկու 4/2
– Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36
2. Գյումրի
– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99
3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16
4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32
5.Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73
Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:
Ուշադրություն – Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում:)) »
Ի դեպ նշենք, որ ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին: Այստեղ պետք է ընդգծել, որ այս ընկերության 98 տոկոս բաժնետերը 2000 թվականից առ այսօր հանդիսանում է Միխաիլ Հարությունյանը: Եվ նա ամենեւին էլ պատահական մարդ չէ, այլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը, Սերժ Սարգսյանի մանկության ընկերը:
Ընթացիկ տարում ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն էր բացահայտել, որով պետությանը պատճառվել էր 136 մլն դրամի վնաս: Շուրջ 2.086 տոննա պոմպակայանի մղման խողովակաշարը ձևակերպվել էր որպես 1.680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին։
Նշված ՍՊ ընկերությունը «Մետէքսիմ»-ն է: Իսկ ՓԲ ընկերությունը, ըստ մամուլի հրապարակումների, «Հիդրո Կորպորացիա»-ն է:
Ավելին, այս ընկերության անունը առաջին անգամ չէ, որ հայտնվել է մամուլի էջերում: «Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել է «Մետէքսիմ» ընկերության չարաշահումներին:
Ըստ այդմ՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից օրեր անց, Սահմանադրական դատարանը` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, մի հոդված է ճանաչել հակասահմանադրական, որի հիման վրա «Մետէքսիմ» ընկերությունը տուգանվել էր Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Ներկայումս գլխավոր տնօրենը Գրիգորի Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մտերիմներից է: Նշենք, որ «Մետէքսիմ» ՍՊԸ-ն բիզնես խմբի մեջ է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Միկմետալ», «Միկշին», «Քեթրին» եւ այլն:
Ընդ որում, «Մետէքսիմ» ընկերության եւ Միհրան Պողոսյանի մասով եւս ուշագրավ տվյալներ կան: Խոսքը 2014 թվականին տրամվայի լուծարման մասին է. տրամվայի ռելսերի ապամոնտաժումը բավականին արագ է կատարվել: Երեւանում ապամոնտաժումից առաջ կար տրամվայների շուրջ 180 կմ գիծ, որի յուրաքանչյուր մետրը 45 կգ էր, բոլորռելսերը միասին 8100 տոննա, եւ 2004 թվականին Պաշտպանության նախարարությունը, որի ղեկավարն այն ժամանակ Սերժ Սարգսյանն է եղել, հայտարարել է, թե ռելսերը հարկավոր են առաջնային գծի անվտանգության ապահովման համար:
Սակայն փաստացի դրանք ամբողջովին չեն օգտագործվել, եւ Պաշտպանության նախարությունից, «ՍիվիլՆեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ 2005-2011 թթ. Երեւանի քաղաքապետարանի ութ որոշումներով Պաշտպանության նախարարությանն է հատկացվել շուրջ 5700 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն, եւ նախարարությունն էլ ծախսել է ընդամենը 137 տոննան,այսինքն` տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը: Եվ մնացած 5563 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը տրամադվել է «Մետէքսիմ» ՍՊԸ-ին: Այսինքն` այստեղ գործել է Սերժ Սարգսյան-Միհրան Պողոսյան-Միխայիլ Հարությունյան եռանկյունին:
Հիմա էլ` այսքան տարի անց, այս նույն ընկերության համար արդեն դրույթ էր հակասահմանադրական ճանաչվում, որը հնարավորություն տվեց խուսափել տուգանքից:
Իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Մետէքսիմ» ընկերությունը պետք է զբաղվի ավտոմեքենաների հնամաշ թափքերի՝ որպես մետաղի ջարդոն հավաքագրելու հարցերով: