«Եթե չվստահեն, կգնամ՝ ոնց բոլորը». ինչո՞ւ Զարինջայում երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք համայնքներում դեկտեմբերի 8-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։

Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում սպասվում են հերթական, իսկ Արագածոտն, Արարատ, Արմավիր մարզերի համայնքներում՝ արտահերթ ընտրություններ։

Արագածոտնի մարզի Զարինջա համայնքում թեկնածուները 2-ն էին՝ համայնքի ղեկավար  Սևադա Մանուկյանը և  համայնքապետարանի գանձապահ Սենիկ Ավոյանը:

Այս համայնքն ունի 600 բնակիչ:

ArmLur.am-ը զրուցել է թեկնածուներից Սևադա Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք վերաառաջադրվել եք դեկտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրել Ձեր թեկնածությունը:

-Նախընտրական քարոզչությունով չէ, որ պետք է ինձ ճանաչեն ու ընտրեն: Ես գտնում եմ, որ դեռ անելիքներ ունեմ, ժողովուրդն էլ առաջարկեց իմ թեկնածությունը նորից դնել, որպեսզի իմ կիսատ թողած գործերը հասցնեմ ավարտին:

-Ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք:

-Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան: Այս տարիների ընթացքում բավականին հարցեր լուծվել են: Օրինակ՝ համայնքը գազաֆիկացվել է, փողոցային լուսավորում է անցկացվել, ճանապարհային վերանորոգումներ են տեղի ունեցել, դպրոցը հիմնովին վերանորոգվել է, նոր  նախակրթարան է բացվել…

-Պարո՛ն Մանուկյան, Ձեր մրցակից թեկնածուն համայնքապետարանի գանձապահն էր, ով, ըստ որոշ տեղեկությունների, ինքնաբացարկ է հայտնել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա հետքայլ արեց:

-Ոչ մեկի հանդեպ չեմ կարող բացասական բան ասել: Իր հետ չեմ զրուցել, չգիտեմ՝ ինչու է ինքնաբացարկ հայտնել: Ես ոչ մեկին չեմ թերագնահատում, իրավունք էլ չունեմ նման բան անելու:

-Ի՞նչ գայթակղիչ առաջարկություններ եք արել բանկիչներին:

-Նման բան ոչ մի անգամ չի եղել, հիմա էլ չէր կարող լինել:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք: Վստա՞հ եք, որ անգամ ևս համայնքի բնակիչներն իրենց վստահության քվեն Ձեզ կտանչ:

-Ինձ թվում է՝ կվստահեն, եթե չվստահեն, կգնամ՝ ոնց բոլորը, կշարունակեմ իմ գյուղացիների հետ նույն ձև ապրել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս