2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13 ա ) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: