Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Ռ. Արզումանյանը, մասնավորապես, ներկայացրել է զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրերը, տեղեկացրել, որ բարեգործական ծրագրի վերջին փուլի ընթացքում արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել ևս 3000 հատ առաջին բուժօգնության փաթեթներ, 5000 հատ բժշկական պայուսակներ, իսկ մինչև տարեվերջ կմատակարարվեն 6 դաշտային սանիտարահիգիենիկ մոդուլներ:
Շնորհակալություն հայտնելով Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի արդյունավետ գործունեության համար և ընդգծելով դրա հումանիտար բնույթը, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հիմնադրամի գործունեության փոխկապակցվածությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ: Երկուստեք ընդգծվել է հիմնադրամի համահայկական նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ: