Երկրի վտանգված անվտանգությունը. Սորոսի փողերով սնվող երիտասարդների ձեռքերն արդեն ազգային անվտանգության հատվածի՞ն են հասնում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ աննախադեպ մի հավաք էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց` պահանջելով, որ ուժային կառույցները քաղաքացիներին պաշտպանեն սոցցանցային հարձակումներից, որոնց զոհ են դառնում նաեւ իրենք։ Ինչո՞ւ աննախադեպ: Բանն այն է, որ թեեւ առաջին հայացքից շատ ողջամիտ եւ արդարացի պահանջ է, նկատենք սակայն, որ ԱԱԾ-ն մշտապես է ապաքաղաքական կառույց եղել, եւ միշտ որեւէ հարցի առնչությամբ ու որեւէ տոնայնությամբ իշխանություններին քննադատելիս ԱԱԾ-ն հիմնականում շրջանցվել է,երկրի այս գաղտնի կառույցին չեն թիրախավորել: Ի՞նչ մեսիջով էին իրականում հավաքվել «Ռեստարտ»-ի երիտասարդները ԱԱԾ շենքի դիմաց, ո՞րն էր նրանց այդ խիստ տոնայնության իրական նպատակը: Թերեւս դժվար չի լինի հասկանալ, եթե մոտենանք «Ռեստարտ»-ի ֆինանսական ակունքներին` «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան» (Սորոսի հիմնադրամ ), որը «Ռեստարտին» 20,000 դոլար դրամաշնորհ է տրամադրել, իհարկե, առանց նախապայմանի: Եւ ուրեմն ի՞նչ է ստացվում. Սորոսի փողերով սնվող երիտասարդների ձեռքերն արդեն ազգային անվտանգության հատվածի՞ն են հասնում:

Ա՞յս մասին էր արդյոք ահազանգում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վերջերս 168.am-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ պատասխանելով հարցին՝ «Արդյոք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է»` Արթուր Վանեցյանն արձագանքել էր. «Եթե կարճ պատասխանենք՝ այո»: Եւ ուրեմն այս հայտարարությունից հետո ի՞նչ մեսիջ էր ուղարկում Սորոսի հիմնադրամը ՀՀ ԱԱԾ-ին դժգոհության այս հրապարակային ակցիայի միջոցով:
Թեեւ, մյուս կողմից, հանուն արդարության պետք է նշել, որ երիտասարդների կողմից բարձրացված բոլոր հարցերն էլ խիստ մտահոգիչ են, ու հետհեղափոխական Հայաստանում էլ մնում են չլուծված: «Ռեստարտ»-ի երիտասարդներն իրավամբ դժգոհել են, թե հեղափոխությունը չի մտել իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները: Նույնիսկ պատկերավոր ձեւակերպում են արել. «Թաղի հեղինակություն Գոջին ավելի շուտ ա գողոնը վազվռատ անում, քան ոստիկանությունը սաղ իրա սաստավով»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս