Ինչ ճանապարհ է անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի ընթացքում 5 անդամներից ընտրվեց հանձնաժողովի նախագահ։ Ինքնաառաջադրվել էին երկու թեկնածու՝ Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը։

Հայկուհի Հարությունյանի օգտին կողմ քվեարկեց 3 անդամ, Էդգար Շաթիրյանի օգտին կողմ ձայներ չկային։

Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան եւ փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը:

Նա ունի տեղական, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության եւ մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների եւ վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:

Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:

Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ եւ իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ:

Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի եւ 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման եւ իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ:

2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում:

2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արեւելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող եւ ղեկավար կոմիտեի անդամ:

2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: 2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում: 2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արևելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող և ղեկավար կոմիտեի անդամ:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ, վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։




Լրահոս