Ում է պարտք «Սանիտեք»-ը. ընկերությունը սնանկ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի նոյեմբերի 13-ի վճռով է ընկերությունը սնանկ ճանաչվել, իսկ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է Արարատ Վարդանյանը: Բացի այդ, մեզ հայտնի դարձավ, որ պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:

Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ: Եւ դատարանը «Մոսէսքո»-ի դիմումը բավարարել է եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությանը ճանաչել սնանկ:

Պարզվում է` «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաեւ ավտոպահեստամասերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Նյու Թրաք» ընկերության տնօրեն Լյուդվիգ Պարոնյանի հետ: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Նյու Թրաք»-ին «Սանիտեք Ինթերնեյշնլ»-ը պարտք է 27 մլն 245 հազար դրամ: Լյուդվիգ Պարոնյանի խոսքով` «Սանիտեք»-ի ղեկավարության հետ այս մեկ ամսվա ընթացքում որեւէ կերպ չի հաջողվում կապ հաստատել, հանդիպել: «Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում: Բավականին նորմալ աշխատել ենք իրար հետ վերջին ամիսներին, այս դեպքերի ֆոնին դժվարանում էր վճարել: Պահեստամասերը վերցրել է ու հետո ժամանակին վճարել է: Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- իրավիճակը ներկայացրեց Լյուդվիգ Պարոնյանը: Մեզ հայտնի դարձավ, որ ավելի քան 60 ընկերության, այդ թվում եւ` անհատ ձեռներեցների «Սանիտեք»-ը պարտք է:

Հ.Գ. Ի դեպ, տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հունվարից «Սանիտեք»-ին փոխարինելու մեկ այլ ընկերություն, որն ունենալու է նոր անուն, նոր սեփականատեր եւ զբաղվելու է Երեւանի մի քանի վարչական շրջանների սանիտարական մարքմամբ եւ աղբահանությամբ: Այսինքն` հնարավոր է` հաջորդ տարի Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման գործում համայնքային հիմնարկը մրցակից ունենա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս