Համատիրությունների աշխատանքը, ֆինանսական շարժը թափանցիկ կդառնա, իսկ ամբողջ գործընթացի թափանցիկությունը կապահովվի համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղը` նոյեմբերի 27-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու նիստ, որտեղ քննարկվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Համատիրությունների մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ըստ այդմ, փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի կանխարգելել կոռուպցիոն ռիսկերը, ավելին` կհսկվեն համատիրության յուրաքանչյուր անդամի կողմից կատարված փայավճարների եւ այլ վճարների գործընթացները: Այսինքն` յուրաքանչյուր վճարում կկատարվի բանկով, եւ շարժը հասանելի կլինի:
Նշենք, որ 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված եւ 2002 թվականի հունիսի 6-ին ուժի մեջ մտած «Համատիրության մասին» ՀՀ օրենքը սահմանում է համատիրության միջոցների գոյացումը հետեւյալ կերպ.
Համատիրության միջոցները գոյանում են.
ա) համատիրության անդամների եւ շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից եւ այլ վճարումներից,
բ) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
Սակայն, ըստ նախագծի հիմնական զեկուցող Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած հիմնավորման, հոդվածի առաջին կետը խնդրահարույց է, քանի որ այն չի ներառում միջոցների գոյացման համար նախատեսված պարտադիր վճարումների կատարման կարգը` խոչընդոտելով դրանց արդյունավետ իրականացմանը: Ինչպես հայտնի է, համատիրության հիմնական նպատակն է բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքի, նախատեսված պարտադիր վճարների իրականացումը եւ կառավարումը: Սակայն, ըստ նախագծի հեղինակ Վաղարշակ Հակոբյանի հիմնավորման, համատիրության կառավարման մարմինները միշտ չէ, որ սեփականատերերին պահում են իրազեկված` հանգեցնելով իրենց իրավունքների ոտնահարման: Սեփականատերերի մեծ մասը տեղեկացված չէ` արդյոք իրականացվում է իրենց կողմից կատարված համատիրության պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների մուտքը բյուջե եւ այդ գումարների հետագա բաշխումը:
Ի դեպ, ինչպես շատ համատիրությունների նախագահներ, այնպես էլ «Շենքերի կառավարում» համատիրության նախագահ Վլադիմիր Ղազարյանն այս նախագծի մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից: Համատիրության նախագահը պահանջում է, որպեսզի նախագիծը քննարկելու համար հանրային լսումներ անցկացվեն:
«Երաշխիք չկա, որ անկանխիկ եղանակով այդ վճարումները կկատարեն քաղաքացիները: Հիմա դուռ ծեծելով, խնդրելով, համոզելով` մի կերպ վճարում են, իսկ բանկային հաշվեհամարին ոչ ոք չի փոխանցի: Այս նախագիծը համատիրությունների աշխատանքին կվնասի: Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում: Այս հարցի լուծման միակ տարբերակը բնակչին չվճարելու համար տուգանելն է: Այսինքն` պատժի միջոցներ կիրառվեն: Բնակիչը չի մուծի այդ ճանապարհով»,- նկատեց համատիրության նախագահը: Նրա խոսքով` եթե նախագիծն ընդունվի էլ, ապա, միեւնույնն է, համատիրությունների խնդիրները չեն լուծվի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ կան բազմաբնակարան շենքեր, որոնց բնակիչները յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ կերպով կատարում են անհրաժեշտ վճարումները: Եւ չնայած սրան` այդ շենքերի վիճակը դարձյալ չի բարելավվում: Այսինքն` բնակիչների խոսքերով` համատիրություններն անարդյունավետ են աշխատում:
Բացի այս, բնակիչները շարունակում են առնետներով ու աղբով լի մուտքերից օգտվել: Չենք խոսում աղբի գարշահոտությունից, որը գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում կա` դրան գումարած վերելակների անսարքության խնդիրը: Բնակիչները ծագած խնդիրները փորձում են լուծել իրենց սեփական միջոցներով: Անգամ երբ շենքի վերելակն է փչանում, շենքի բնակիչներն են գումար հավաքում շարժիչի, տարբեր մասերի համար, մասնագետ են կանչում ու նորոգում: Այս պատկերը նույնն է մայրաքաղաքի մի քանի հարյուրի հասնող համատիրություններում: Եւ հիմա ի՞նչ երաշխիք կա, որ բնակիչների կողմից համատիրության բանկային հաշիվներին փոխանցած գումարները իրականում կծառայեն իրենց նպատակին:
«Գիտեք` ինչպես է բնակիչը… ուրեմն մի շենքն ունի չորս մուտք. եթե շենքի բնակիչները բոլորը մուծեն, մենք մտնում ենք մի մուտքը նորոգում ենք, այն երեք մուտքի բնակիչներն ասում են` էս համատիրությունը անգործ է, ոչինչ չի անում: Բացատրում ենք, հաշվետվություն ենք կպցնում պատերին, չի անցնում: Ասում ենք` տանիքը փոխել ենք, ասում է` ինձ ի՞նչ, ես առաջին հարկում եմ ապրում, ինձ պե՞տք էր տանիքը: Համատիրություները վատ են աշխատում, այդ թվում ես, որովհետեւ օրենքը չի նպաստում մեզ: Օրենքն այս հարցում խիստ չէ բնակչի նկատմամբ: Դատարաններում մենք պարտվում ենք: Դատական համակարգը մեր առաջ այնպիսի պայմաններ է դնում, որ մեր հայտերը հեչ են լինում: Մենք լծակ չունենք»,- իրավիճակը ներկայացրեց համատիրության նախագահ Վլադիմիր Ղազարյանը:
Նրա պատմելով` շենքերի բնակիչների մեծ մասը համատիրությանը հսկայական գումարներ են պարտք. «Չկա մի շենք, որը 80-85 տոկոսով գումարները մուծի: Պարտքեր են կուտակում: Հատկապես բարձրահարկ շենքերը: Իսկ մենք շատ ծախսեր ունենք` վերելակի, դեռատիզացիայի, աղբահանության եւ այլն: Մենք, ըստ օրենքի, ամեն տարի ժողով պետք է անենք, կազմենք նախահաշիվ եւ այն ժողովին ներկայացնենք, հետո որոշենք ծախսերը, բաժանենք մակերեսի, կստանանք միավորի գինը, այն բազմապատկենք, եւ բոլոր բնակիչները պետք է ստորագրեն դրա տակ: Բոլոր բնակիչները պետք է ստորագրեն դրա տակ. քաղաքում եթե մեկը լինի, որ ասի` ես ժողով եմ արել ու 50 տոկոս մարդ է հավաքվել, ես թողնեմ գնամ հանրապետությունից:
Օրինակ, մենք կպցրել ենք, տարել ենք 50 հոգի մարդ է ստորագել, որ պետք է ժողով գան, բայց եկել է 8 հոգի: Լինում է, որ երեք-հինգ հոգի մարդ է ներկա գտնվում ժողովներին»:
Սյունէ Համբարձումյան