ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է իր գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և գոհունակությամբ խոսել փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի հաստատումից հետո կիրարկման գործընթացին անցնելու մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է նաև երկկողմ համագործակցության շրջանակներում ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ 2019 թվականի տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն արդեն վերջնականացման փուլում են, իսկ 2020 թվականի տարեկան գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են:
Լոուրենս Մերեդիթը և Լյուկ Դեևինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակելու է գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Լյուկ Դևինը գոհունակությամբ ընդգծել է ԵՄ-ի հետ աշխատանքների համակարգման գործընթացում Կառավարության ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքը: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է աջակցություն ցուցաբերելու այդ թվում՝ արդարադատության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և տնտեսական ներուժի բացահայտման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման շուրջ: