ՀՀ-ԵՄ համաձայնագրից 2 տարի անց․ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից 2 տարի է անցել: Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հունիսի 1-ից է համաձայնագիրը ուժի մեջ մտել: Նախորդ տարի` Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երկար ժամանակ չէր հաջողվում գծել ՀՀ-ԵՄ գործակցության ճանապարհային քարտեզը, սակայն, ի վերջո, 2019 թվականի հունիսի 1-ին համաձայնագրի կիրարկման քարտեզը հաստատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Եվ այսպես, ի՞նչ ունենք երկու տարի անց: Նախ նշենք, որ այս համաձայնագիրն ուղղված էր մեր քաղաքացիների համար կյանքի որակի տեսանելի եւ շոշափելի բարելավմանը՝ տնտեսություն, մարդու իրավունքներ, հակակոռուպցիոն պայքար, քաղաքական ռեֆորմներ, սակայն հեղափոխությունից հետո կիրարկման աշխատանքները մի փոքր դանդաղեցին:

Այս պահին Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղարությունը գրանցել է 16 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ՝ ներառյալ Հայաստանը։ Բացակայում է 12 անդամ երկրի, Եվրոպական միջուկային էներգիայի գործակալության եւ Եվրոպական խորհրդարանի ավարտական վավերացումը: Վավերացման գործընթացը նման տեմպերով ընթանալու դեպքում կավարտվի հաջորդ տարի ձմռանը, այնինչ 2 տարի առաջ նախատեսվում էր համաձայնագրի վավերացումն իրականացնել 1.5-2 տարվա ընթացքում: Հավելենք նաեւ, որ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցով եւս իշխանափոխությունից հետո շոշափելի առաջընթաց իրականում չկա: Պետք է ընդգծել նաեւ, որ Եվրոպական միության նոր ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի 2019 թվականի դեկտեմբերից, թերեւս ավելի դժվար է լինելու աշխատել, եւ ՀՀ իշխանությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն վավերացման ուղղությամբ, ինչը շատ բան կարող է փոխել Հայաստանի կյանքում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս