«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո իշխող թիմը որոշել է չլուծարել ՀՔԾ-ն, այնինչ հուլիսի 1-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել էր` Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումով առաջիկայում ՀՔԾ լուծարում է ենթադրվում: 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, եւ 2021-ից երկիրը 3 քննչական մարմին կունենա՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ եւ Հակակոռուպցիոն կոմիտե:
ՀՔԾ-ն քննելու է խոշտանգումներին վերաբերող գործերն ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատարների հնարավոր հանցագործությունները, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ կոռուպցիոն հանցագործությունները: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` տարբեր կառույցներից դժգոհել են, որ քննչական գործառույթներն իրենցից անցնելու են այս նոր ստեղծվող կառույցին: Վերապահումներ են ունեցել հատկապես ՊԵԿ եւ ԱԱԾ ղեկավարները: Սասուն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես հաջողվեց չլուծարել կառույցը, եւ կշարունակի արդյոք ինքը ղեկավարել, պատասխանել է. «Ես չեմ որոշում կայացրել եւ չեմ կարող պատճառների մասին ասել… Կառույցը իր տեղում է լինելու, ես էլ իմ տեղում աշխատում եմ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։