
«Ժողովուրդ»օրաթերթի տեղեկություններով` հինգշաբթի եւ ուրբաթ օրերին դատական համակարգի ներկայացուցիչները կհանդիպեն: Մի խումբ դատավորներ, ԲԴԽ ներկայացուցիչներ եւ Վճռաբեկ դատարանի դատավորներ փակ քննարկում են ունենալու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի շուրջ:
Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի` այս հանդիպման անհրաժեշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգահապական վարույթ հարուցեց, իսկ ԲԴԽ-ն էլ քննեց այդ վարույթը: Ասել է թե` Վճռաբեկի դատավորները փորձում են հասնել նրան, որ ներկայացնեն, թե ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ իրենց պատասխանատվության կանչի:
Դատավորներն էլ չեն պատրաստվում լռել եւ հանդիպման ժամանակ բարձրացնելու են այն հարցը, թե արդյոք Վճռաբեկ դատարանի դատավորները այնքան լավ անցյալ ունեն եւ, առհասարակ, Վճռաբեկ դատարանում այն կազմն է գործում, որ ամեն ինչ անում են անձեռնմխելի մնալու համար: