Բաղանիսում խոշոր եղջերավոր անասունները վիրավորվել են ականների պայթյունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիրակի՝ նոյեմբերի 24-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական տարածքում` միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածի հարեւանությամբ` սահմանագոտու հայկական պաշտպանական հենակետերի հարեւանությամբ` ականապատ տարածքում են հայտնվել Բաղանիսի բնակիչ Սուրիկ Ալեքսանյանի կովը եւ մոզին: Խոշոր եղջերավոր անասունները հակահետեւակային ականների պայթյունից վիրավորվել են:

Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ վիրավոր անասուները ականապատ գոտուց դուրս են բերվել, հետո անասնատիրոջ կողմից հարկադիր մորթի ենթարկվել: Բաղանիսի բնակիչները համագյուղացի Ս. Ալեքսանյանին օգնելու նպատակով այդ անասունների միսը փոքր կտորներով գնել են: Ն. Սահակյանը հայտնեց, որ Սուրիկ Ալեքսանյանը եւ նրա որդիները զբաղվում են անասնապահությամբ: Սահմանամերձ Բաղանիս եւ հարեւան Ոսկեպար գյուղերի որոշ անասնատերեր իրենց խոշոր եղջերավոր անասունները թողնում են առանց հսկողության, անասունները պարբերաբար հայտնվում են սահմանամերձ, վտանգավոր գոտում, ականների պայթյուններից վնասվածքներ են ստանում:

Երկու տարի առաջ Սուրիկ Ալեքսանյանը սահմանագոտում կրկին կովերի կորուստ է ունեցել: 2017թ. ապրիլի 8-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի սահմանամերձ Ջրովքեր տեղամասի վրա, գնդակոծությունից սատկել էին Սուրիկ Ալեքսանյանի 3 կովը:




Լրահոս