Զոհվածի հարազատ Սաթիկ Խլղաթյանը հայտնում է, որ վաղն առավոտյան գնալու են կառավարության շենքի առաջ եւ շարունակելու են իրենց պայքարը։
Նա մասնավորապես գրել է.
«Սևազգեստ մայրե՛ր և այրինե՛ր
Տեղեկացնում ենք ձեզ, որ կառավարությունում մեր քննարկումների արդյունքում վերջնական ոչ մի պատասխան կամ արդյունք չունենք
Մենք՝ զոհվածի մայրերս և այրիներս պահանջում ենք վարչապետից.
Մենք հայրենիքին տվել ենք ամենաթանկը՝ մեր երեխաներին և ամուսիններին։ Նրանք զոհվել են հանուն ներկա սերունդների և մեր պետության՝ պատմականորեն իմաստավորելով այդ գինը: Ինչ վերաբերվում է քաղաքական պայքարում զոհվածներին, ապա դա նույնպես մեծ ողբերգություն է, սակայն նրանց դերն ավելի բարձր գնահատելը, քան Հայրենիքի համար զոհվածներինը՝ անբարոյականություն պետք է համարել: Մենք պահանջում ենք իշխանություններից Մարտի 1-ի զոհերի և վիրավորների (ծանր և թեթև) հարազատներին օգնության մոդելն անմիջապես տարածել նաև Հայրենիքի համար զոհվածների և վիրավորների (ծանր ու թեթև) հարազատների վրա: Կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր նրանց, ում համար թանկ է Արցախյան հաղթանակը, հայրենիքի անվտանգության ապահովումը և մեր որդիների թափած արյունը։
Այն չափորոշիչները, որոնք կիրառվեցին 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ զոհվածների նկատմամբ, կիրառվի նաև զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ և ապահովվի 30 մլն դրամ։
Ուստի կոչ ենք անում մեր արդար պահանջին միանալ բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում են և արժևորում Արցախյան պատերազմը, հաղթանակի արժեքը և սևազգեստ մայրերին։
Տեղեկացնում եմ ձեզ, որ մենք պայքարում ենք բոլոր զոհվածների ընտանիքներին աջակցելու համար և ոչ մի ստվերային պայմանավորվածություններ չկան և չեն կարող լինել։
Ուստի, տեսնելով, որ կառավարության կողմից արհեստականորեն ձգձվում է և չեն փորձում հարցին լուծում տալ , որոշել ենք.
Նոյեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 10:00 շարունակել մեր պայքարը կառավարության շենքի դիմաց»։