Դեկտեմբերին հանձնաժողովի անդամներ կընտրեն, նախագահն էլ հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերին մեկնակելիք ԱԺ նստաշրջանում կհայտարարվի, թե խորհրդարանում ստեղծվելիք Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարն ով է ու ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովում: Ըստ մեր տեղեկությունների` հանձնաժողովում ներգրավվելու են հիմնականում ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իսկ ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն էլ կղեկավարի այն:

Երեկ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հետ` պարզելու համար, թե ինչու են որոշել նման հանձնաժողով ստեղծել:

-Պարո՛ն Ծառուկյան, ի՞նչն է պատճառը, որ խորհրդարանում ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման հետ կապված քննիչ հանձնաժողով եք ցանկանում ստեղծել: Ո՞րն է նպատակը:

-Պատճառը այդ ոլորտում առկա իրավիճակն է, խնդիրներն են, կարծում եմ` բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:

-Բայց ունե՞ք կոնկրետ ծրագիր, թե հանձնաժողովը ինչից է սկսելու:

-Քանի որ այս պահին հանձնաժողովի անդամների թիվը դեռեւս հայտնի չէ, չենք կարող ասել: Իհարկե ես ունեմ տեսլական, թե ինչց պետք է սկսել, ինչ պետք է անել, բայց այս պահին զերծ կմնամ ինչ-որ բան ասելուց, քանի որ քննիչ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, ու պետք է միասին որոշենք: Բանականաբար, երբ որ հանձնաժողովի անդամները կընտրվեն, այդ ժամանակ էլ մարտավարությունը կորոշենք խնդիրները կարգավորելու համար:

-Իսկ ինչ-որ բացահայտումների պե՞տք է սպասել քննիչ հանձնաժողովի աշխատանքներից:

-Այս պահին զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց: Եթե հայտնաբերվում է խախտում, բնականաբար այդ խախտման համար նախատեսվում է նաեւ պատիժ: Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի վերաբերյալ: Հիմա տվյալ պարագայում Դուք գիտեք, որ մեր հանրապետությունում ցամաքային տրանսպորտային ցանցը ինչ վիճակում է, բազմաթիվ խնդիրներ կան: Մենք ամիսներ առաջ հանդիպումներ ենք ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ամենօրյա շփումների միջոցով տեղյակ ենք, թե ինչ իրավիճակ է տիրում, դրա համար մենք չենք կարող անտարբեր լինել այս խնդիրներին:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս