Ընդդիմությունն ու իշխանությունը ունեցել են մեկ պայմանավորվածություն. Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունն իսկական իրարանցում է առաջացրել հատկապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրենց թեկնածու Էդգար Շաթիրյանի հրաժարականից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ի սկզբանե որոշում է եղել, որ հանձնաժողովը ղեկավարելու է իշխանական խմբակցության թեկնածուն, սակայն օրեր անց կարծես թե իշխանությունների ներսում իրավիճակ է փոխվել, որից անտեղյակ են անգամ իմքայլական ֆրակցիայի անդամները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական մի հատվածի մոտ «տրաուրա» է այս օրերին, քանի որ իրենց համար էլ անհասկանալի է, թե ով է որոշել, որ պետք է ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը ղեկավարի հանձնաժողովը, որից իրենք անտեղյակ են եղել: Տհաճ անակնկալի են եկել նաեւ իմքայլականները այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Էդգար Շաթիրյանի օգտին հանձնաժողովի անդամներից ոչ ոք կողմ չի քվեարկել:

Հիշեցնենք, որ նախօրեին Էդգար Շաթիրյանը հանկարծակի հայտարարեց, որ ինքը հրաժարական է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից` նշելով. «Անձիս (անձնական եւ մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության եւ, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում»: Ու այս ամենից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում կրկին հանձնաժողովի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ` պարզելու համար, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ իրենց խմբակցությունը իշխանությունների հետ համաձայնություն էր ձեռք բերել իրենց թեկնածուին հանձնաժողովի նախագահությունը տալու համար:

-Տիկի՛ն Սամսոնյան, Ձեր խմբակցության կողմից առաջադրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը նախօրեին ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ դա արվել է իշխանությունների հետ համաձայնեցված ձեւով:

-Ես չեմ լսել, որ իշխանությունները հայտարարեն, թե իրենք զիջումների են գնացել այս հարցում, նրանք հպարտանում են այն փաստով, որ ընտրվել է ոչ թե իրենց` իշխանությունների առաջադրված թեկնածուն, այլ ընդդիմության առաջադրված եւ ընտրված թեկնածուն: Ընտրությունը կատարել են հանձնաժողովի անդամները, ու ես կարծում եմ, որ հանձնաժողովը ընտրել է այն անձին, ում կարծել են, որ կարող է, ունակ է ղեկավարել հանձնաժողովը ու համակարգել հանձնաժողովի աշխատանքները:

-Բայց, կարծես թե, իշխանության թեկնածու Էդգար Շաթիրյանի համար այդ որոշումն անակնկալ էր: Տեղեկություններ կան, որ Շաթիրյանին իշխանությունը խոստացել էր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը: Սա չի՞ նշանակում, որ այլ որոշում կար, բայց այլ բան տեղի ունեցավ:

-Ես կարծում եմ, որ դա մեր խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է, ու այդ հարցի պատասխանը կարող է տալ այն թեկնածուն, ով հրաժարական է ներկայացրել: Բայց եթե դիտարկում անենք, ապա պետք է ասենք, որ այդ անդամը հանձնաժողովի պետք է հասկանա, թե ինչ նպատակով կամ ինչ ակնկալիքով է եկել: Եթե եկել ու ներգրավվել էր հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի մասնակցի հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը կամ իր ներդրումն ունենա այդ ոլորտում, ուրեմն ես կարծում եմ, որ չէր խանգարի, որպեսզի ինքն իր գաղափարները ներկայացներ, իր առաջարկները առաջ տաներ հանձնաժողովում: Իսկ եթե ակնկալիք կար, որ ոչ միայն հանձնաժողովի անդամ, այլ նաեւ նախագահ պետք է լիներ, իսկ իր ակնկալիքը չի եղել, դա արդեն իր խնդիրն է: Այս հարցում ես արդեն ասելիք չունեմ, դա իր ընտրությունն է ե՛ւ ընտրվել անդամ, ե՛ւ հրաժարական ներկայացնել:

-Հանձնաժողովի Ձեր անդամը, որն այժմ ընտրվել է ղեկավար, մեղադրվում է սորոսական թեւի ներկայացուցիչ լինելու համար, նշվում է, որ Հայկուհի Հարությունյանը իրենց գրասենյակներում է աշխատել, ու այս անգամ եւս հաղթեց սորոսական թեւը` իրենց մարդուն այդ պաշտոնին նշանակելով:

-Հայկուհի Հարությունյանը ունի շատ հարուստ կենսագրություն, եւ Հայկուհի Հարությունյանն անցել է այն ճանապարհը, որը միգուցե չեն անցել այդ քննադատություն հնչեցնողները: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով վերցնում ու կարդում է Հայկուհու կենսագրությունը, նրա համար հասկանալի է դառնում, թե մենք ինչու ենք առաջադրել հենց այդ մարդուն, որովհետեւ մենք համարում ենք, որ ինքը լավագույնը կարող է լինել ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես անաչառ վերաբերմունք ունեցող անձնավորություն, մնացած քննադատությունները դրանք պարապ բամբասանքներ են այն մարդկանց կողմից, ովքեր ներդրում չեն ունեցել ինստիտուտների կայացման գործում:

-Այսինքն` այն տեղեկությունները, որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցել են, իրական չե՞ն:

-Ընդդիմությունն ու իշխանությունը ունեցել են մեկ պայմանավորվածություն, դա քաղաքական կոնսեսուսն է, որին մենք հասել ենք երկուսով, եւ որոշել ենք, թե ովքեր պետք է կազմավորեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այլ պայմանավորվածություններ մենք չենք ունեցել, դրանց կարիքը չունենք ու չենք էլ ունեցել. հանձնաժողովը ձեւավորել է ԱԺ-ն եւ հանձնաժողովը, օրենքի տառին համապատասխան, ընտրել է իր նախագահին:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս