Հայաստանում 17 բեռնափոխադրող ընկերություն բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել է«Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավար Վարդան Օնանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բեռնափոխադրող ընկերությունները իրենց բաց նամակում նշել են, որ նոյեմբերի 25-ից Գյումրիի նորաբաց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում նաեւ բեռնարկղերով ներկրվող ավտոմեքենաների բեռնաթափման կազմակերպումը խնդիրներ է առաջացրել:
Ըստ բեռնափոխադրող ընկերությունների` նորաբաց կենտրոնը դեռեւս պատրաստ չէ, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ բեռնաթափող թիմը ամբոջովին անպատրաստ է, անհրաժեշտ տեխնիկա եւ գործիքներ չունի. նոյեմբերի 26-ի կեսօրի դրությամբ բեռնաթափվել էր ընդամենը երեք բեռնարկղ, մինչդեռ հերթում տվյալ պահի դրությամբ 48 բեռնարկղ սպասում էր, որոնց թիվն էլ ժամ առ ժամ ավելանում է: Վարչապետին ուղղված բաց նամակից տեղեկացանք, որ այժմ կենտրոնում տեղադրված է բեռնաթափման համար նախատեսված 8 թեքահարթակ, որոնք ամբողջովին ծանրաբեռնվածության պարագայում կարող են սպասարկել յուրաքանչյուրը լավագույն դեպքում 4 բեռնարկղ, ընդհանուր`օրական շուրջ 30-35:
Բացի այս, բեռնափոխադրողները կանխատեսում են, որ մեծ է հավանականությունը, որ կուտակումներ կլինեն Գյումրիի Բավրայի անցակետերում, ինչը բերելու է հարկադիր ուշացումների, որն էլ իրհերթին ֆինանսական դժվարությունների եւ տուգանքների առաջ է կանգնեցնելու բեռնափոխադրող ընկերություններին: Խնդիրն այն է, որ բեռնափոխադրողները պարտավորվածություն ունեն ծովային բեռնափոխադրում անող ընկերությունների առջեւ` բեռնարկղերը սահմանափակ ժամկետում նորից Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստ հասցնելու: Հայաստանում գտնվելու արդեն երրորդ օրը մեկ բեռնարկղի տուգանքը ծովային գծերին կազմում է 75 դոլար, իսկ բեռնարկղը Վրաստանից Հայաստան տեղափոխող ընկերությանը` 100:
«Մեր ունեցած տեղեկություններով` նորաբաց կենտրոնում լուծված չէ նաեւ բեռնաթափվող ավտոմեքենաների անվտանգ պահպանության հարցը, եւ արձանագրվել են բանալիների կամ այլ աքսեսուարների գողության դեպքեր: Քանի որ 2020թ. հունվարից ներկրվող ծավալների կտրուկ անկում է սպասվում, խնդրում ենք քննարկել մինչեւ նոյեմբերի 25-ը գործող կարգը մինչեւ 2020թ. հունվարի 31-ը երկարաձգելու հարցը, քանի որ առաջիկայում սպասվում է ներկրումների մեծ խմբաքանակ, եւ վերը նշվածներին ավելանալու են նաեւ եղանակային պայմաններից բխող խնդիրները»,- նշված է բաց նամակում:
Նշենք, որ ՊԵԿ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը
Սյունէ Համբարձումյան