Նոյեմբերի 27-ին նշվում է հայ մեծ գրող Եղիշե Չարենցի հիշատակի օրը: Նրա կյանքի ու մահվան վերաբերյալ, սակայն, մինչ օրս կան մի շարք անհայտ, վիճահարույց հանգամանքներ: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է գրող, գրականագետ, «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպի հեղինակ Հովիկ Չարխչյանի հետ:
-Պարո՛ն Չարխչյան, Չարենցի մահվան հստակ օրը, որքանով տեղյակ եմ, հայտնի չէ: Ի՞նչ վարկածներ կան այդ մասին:
-Նոյեմբերի 27-ը որպես Չարենցի մահվան օր սահմանելու համար հիմք է հանդիսացել մի գրություն, որը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում: Այդ գրությունը տեղեկանք է, որը տրվել է Չարենցի հարազատներին, եւ այնտեղ նշված է, որ գրողը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:00-ին, բայց այդ գրությունը պաշտոնական վավերագիր համարվել չի կարող. հայտնի չէ՝ ում կողմից է գրված, չունի կնիք, ստորագրողի անունն էլ անհայտ է: Այնպես որ, դա համարել հիմք ճիշտ չէ, հատկապես որ տեղեկանքը տրվել է Չարենցի մահից շատ տարիներ անց` 1950-ականներին: Թե ինչի հիման վրա է տրվել տեղեկանքը, որ փաստաթղթերի, ինչ մատյանների, տեղեկություններ չկան, սկզբնաղբյուրն առկա չէ: Երկար տարիներ Չարենցի մահվան օրը մեր երկրում նշվում էր նոյեմբերի 29-ին: Որոշ աղբյուրներում նշվում է, թե Չարենցը մահացել է նոյեմբերի 30-ին, որոշ աղբյուրներում՝ դեկտեմբերի 1-ին. այսպիսի հակասական տեղեկություններ կան: Կամ, օրինակ, էլի եւս մեկ հակասություն. կա դիահերձման արձանագրությունը՝ ատորագրված բժիշկների կողմից, նոյեմբերի 28-ի ամսաթվով, այնինչ հայտնի է, որ Չարենցին հողին են հանձնել հենց մահվան օրը: Բայց հուղարկավորված մարդուն չէին կարող հաջորդ օրը դիահերձել: Հիմա պայմանականորեն է Չարենցի մահվան օրը նշվում նոյեմբերի 27-ին մինչեւ այն պահը, երբ ինչ-որ տեղից կհայտնվի ավելի ծանրակշիռ փաստարկ` կոնկրետ ամսաթվի հետ կապված:
-Ի դեպ, Չարենցի ծննդյան օրվա հետ կապված ամսաթիվը եւս հստակ չէ. տարբեր աղբյուրներում տարբեր ամսաթվեր են հիշատակվում:
-Այո, ասում են՝ Չարենցը մարտի 13-ին է ծնվել, այնինչ իր 40-ամյակի առթիվ գրված «Զվարթ գիտություն» բանաստեղծության մեջ գրողը բոլորովին այլ ամսաթիվ է նշել՝ մարտի 28:
-Չարենցի հուղարկավորման վայրի հետ կապված էլ տարբեր վարկածներ կան: Դուք բազմիցս խոսել եք այդ մասին…
-Դեռեւս 1940-ականների կեսերից մարդիկ որոնում են նրա գերեզմանը, շատ ու շատ աղբյուրներ են մատնանշվում: Այսօր խոսում են Հրազդան գետի ափին, ժայռերի վրա հուղարկավորման վայրի մասին: Հետազոտողները մեկ ընդհանուր վարկած չունեն: Այս առումով եւս հակասությունները շատ են:
-Չարենցի շատ գործեր մինչ օրս անհայտ են: Նրա բնակարանից ժամանակին բռնագրավել են բազմաթիվ թղթապանակներով լի ձեռագրեր՝ բանաստեղծություններ, պոեմներ, նամակներ: Եվ, փաստորեն, դրանց տեղն առ այսօր հայտնի չէ…
-Այո, գիտենք, որ Չարենցն ունեցել է գործեր, որոնք, ասում են, թե այրվել են: Արդյոք դրանք իսկապե՞ս կրակի են մատնվել, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ պահպանվել են, հայտնի չէ: Չարենցի դիմանկարներ են եղել, որոնք արվել են կենդանության օրոք, բայց մինչեւ օրս այդ նկարները չեն գտնվել: Օրինակ՝ իտալացի, ռուս նկարիչներ են նրան նկարել: Բանաստեղծի կենսագրության մեջ դրվագներ կան, որոնք, առհասարակ, ուսումնասիրված չեն: Օրինակ՝ հայտնի է, որ նա ապրել է Լենինգրադում:
Բայց ի՞նչ գիտենք մենք այդ մասին, ի՞նչ է արել բանաստեղծն այդտեղ, այդ օրերին… Չարենցը պատկանում է այն գրողների շարքին, որի նկատմամբ ուշադրությունը մշտապես մեծ է եղել, բայց որքան մեծանում են ուսումնասիրությունների ծավալները, այնքան նորանոր գաղտնիքներ, առեղծվածներ են ի հայտ գալիս: Հուսամ, որ ցանկացած նոր գրառում, նոր էջ ավելի ամբողջական կդարձնի գրողի կենսագրությունը: Շատ լավ է, որ Չարենցով հետաքրքրված են ոչ միայն հայ, այլեւ այլազգի ուսումնասիրողները:
Աննա Բաբաջանյան