Վրաստանի խորհրդարանի մոտ ավարտվել է ընդդիմության ու քաղաքական ակտիվիստների հերթական բողոքի ակցիան, վերջիններս խոստանում են հաջորդ բողոքի ակցիան «էլ ավելի արդյունավետ իրականացնել», հայտնում է newsgeorgia.ge-ն:
Այսօր առավոտյան կառավարական թաղամասում մեծ թվով ոստիկանական ուժեր են եղել կուտակված: Խորհրդարանի նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ խորհրդարան տանող հարակից փողոցներում Վրաստանի ՆԳՆ-ը երկու մետր բարձրությամբ մեծ երկաթե պատնեշներ է տեղադրել , ուժեղացվել է երկրի օրենսդիր մարմնի անվտանգությունը:
Նման քայլեր են ձեռնարկվել, որպեսզի երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները կարողանան մտնել խորհրդարան, չնայած բազմահազարանոց ցույցերին: Երեք ցուցարար ձերբակալվել է:
«Երբ կնշանակվի խորհրդարանի հաջորդ նիստը, մենք էլ ավելի արդյունավետ պիկետ կիրականացնենք: Համակարգը փլուզվում է: Նրանք օդային ոստիկանությունն են բերել, օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին, այսինքն ունեն կադրերի պակաս: Այսօր պիկետն ավարտվում է, մենք կհավաքվենք վաղը, եթե վաղը խորհրդարանն աշխատի»,- հայտարարել է «Ծառայություն հայրենիքին» ՀԿ ներկայացուցիչ Շոթա Դիգմելաշվիլին:
Ցուցարարների հետ միասին բողոքի ակցիա անցկացնող ընդդիմադիր պատգամավորները Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հիմնական մուտքի մոտ, իրենց իշխանական գործընկերներին դիմավորել են սուլոցներով և նրանց ուղղությամբ «ամո՜թ» գոռալով: