Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ:
Բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ:
Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին: Մասնակիցները հետաքրքրվել և առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային կառավարման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ծրագրերի առումով:
Բնակիչների հարցադրմանը, թե ինչու՞ վերելակների փոխարինման ծրագիրը ներառված չէ բյուջեում, փոխքաղաքապետը պարզաբանեց. ծրագիրը չի իրականացվելու բյուջեի միջոցների հաշվին՝ ինչից ելնելով էլ արտացոլված չէ նախագծում:
Խոսելով մասնակցային կառավարման մասին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են նաև անցյալ տարի: Բացի այդ, նախագիծը կազմված է տարվա ընթացքում բնակիչների առաջ քաշած խնդիրների հիման վրա:
Կա գաղափար, որ քաղաքի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով կզբաղվի առանձին ՀՈԱԿ-ը: Հաջորդ տարի նախատեսվում է գույքագրել ծառերի ֆոնդը և քարտեզագրել:
Անդրադառնալով տեսողական, լսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքում տեղաշարժը հարմարավետ դարձնելու քայլերին՝ փոխքաղաքապետն առանձնացրեց մի շարք ծրագրեր, այդ թվում՝ թեքահարթակների կառուցման, մայթերի երկայնքով գոգավոր սալիկների, խաչմերուկներում՝ ձայնային ազդանշանների ավելացման նախագծերը:
Ներկայացված որոշ առաջարկներ կներառվեն հաջորդ կամ հետագա տարիների ծրագրերում:
Քաղաքացիների մի շարք հարցեր էլ եղել են անձնական բնույթի: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել քննարկմանը ներկա գտնվողներին՝ մասնակցության և հարցադրումների համար:
Նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը: