ՀՔԾ-ն բացահայտել է հարյուրավոր հեկտարներ հողամասերի ապօրինի օտարման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունում որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր և, քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումները հիմք ընդունելով, միջնորդություններ են ներկայացվել կառավարության լիազոր մարմնին` այդ տարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը նշեց, որ պետության սեփականությունը հանդիսացող հողամասերն ապօրինի իրացնելու դեպքերում համապատասխան միջնորդություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու համար:

«Այսպես, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվեցին Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի իրացման դեպքեր: Թեև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, սակայն նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը: Մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներին հողամասեր ապօրինի իրացնելու բազմաթիվ դեպքեր, որից միայն 7, 5 հեկտարը`Դիլիջան համայնքում, 168 հեկտարը` Արարատի մարզում: Նույն ընթացակարգով նախաձեռնվել է նաև նշված հողատարածքների վերադարձը համայնքներին: Ծառայության վարույթում է գտնվում նաև «Հաղթանակ» զբոսայգու տարածքների ապօրինի իրացման վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է: Համոզված եմ` եկող տարվա ընթացքում այս գործով նույնպես կունենանք շոշափելի հաջողություններ»,- ընդգծեց Խաչատրյանը:

ՀՔԾ պետը տեղեկացրեց, որ ծառայության վարույթում ներկայումս քննվում են շուրջ 120 քրեական գործեր, որոնցից շատերը մեծածավալ աշխատանք պահանջող, բարդ, բազմադրվագ գործեր են:

«Վստահեցնում եմ, մոտ ապագայում կունենանք նշանակալի արդյունքներ: Այն, որ կատարած հանցանքի համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության գիտակցումը հանցագործությունների կանխարգելման ամենակարևոր բաղադրիչն է, դասագրքային ճշմարտություն է, և մեր հիմնական թիրախներից է, որպեսզի մեր գործունեությամբ արձանագրված արդյունքներով այդ գիտակցումը հասցնենք հասարակական հարաբերությունների բոլոր մասնակիցներին: Թեև արձանագրված հաջողությունները քիչ չեն, սակայն միանշանակ է, որ ծառայությունը դեռևս լուրջ անելիքներ ունի հատկապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի արդյունավետության հետ կապված, այդ գործերով մեղադրվող անձանց կողմից ապօրինի կուտակված, այդ թվում` հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի առումով: Այս ուղղությամբ ծառայությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների հետ, իրավական օգնության հարցումներ են ուղարկվում տարբեր երկրներ, ծառայության քննիչները մասնակցում են փորձի փոխանակման նպատակով այս թեմաներով կազմակերպվող քննարկումներին և որակավորման բարձրացման դասընթացներին: Լիահույս եմ, որ այդ ամենը մոտ ապագայում կտա իր արդյունքները»,- եզրափակեց Խաչատրյանը:




Լրահոս