ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անշարժ գույժքի գները շարունակում են բարձրանալ. մեկ տարվա աճը` մեկ ամսվա նվազման ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա 10 ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական աճ է արձանագրվել, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, 7.1 տոկոսով: Նման թիվ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ի դեպ, տնտեսական 7.1 տոկոս աճի մասին շտապեց տեղեկացնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն, մյուս կողմից, նկատենք, որ նույն տնտեսական աճը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հակառակը` նվազել է 4.7 տոկոսով: Հունվար-հոկտեմբերի ամփոփ արդյունքներով եւս առեւտրի շրջանառությունը աճել է 8.9 տոկոսով, բայց հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այն նվազել է 1.7 տոկոսով:

Պաշտոնական տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալները 10 ամիսների արդյունքներով աճել են 8.8 տոկոսով: Ի դեպ, նույն պաշտոնական տվյալներով` այս տարվա 10 ամիսներին գնաճը կազմել է 1.6 տոկոս: Տասը ամիսների արդյունքներով` Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 145 մլն 100 հազար դոլարի ապրանք, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 7.2 տոկոսով: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արտահանման ծավալները պակասել են 4.4 տոկոսով: Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, ապա դրանք, անցած տարվա 10 ամիսների համեմատ, ավելացել են 6.2 տոկոսով:

Պաշտոնական վիճակագիրները շինարարության ոլորտում գրանցել են 4.5 տոկոս աճ: Տվյալ դեպքում նպաստող հանգամանքը, թերեւս, այն է, որ անշարժ գույքի գները Հայաստանում շարունակում են բարձրանալ: Ավելին` անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վերջին ամիսներին հրապարակված բոլոր պաշտոնական վիճակագրություններում ներկայացվում է, որ շուկայում գնային զգալի փոփոխություն է տեղի ունեցել:

Ս.Հ.




Լրահոս