Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ եւ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի եւ օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման եւ օրինապահության ամրապնդման կարեւորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն եւ լիարժեք։
Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի շահերից: Այդ իսկ պատճառով կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն եւ մշտապես գտնվում ենք հասարակության կողքին եւ ուշադրության կենտրոնում: Լինելով պետականության պահպանման հենասյուներից մեկը` մենք պետք է հանդիսանանք օրենքին, արդարությանն ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ, որը մենք ապացուցեցինք նաեւ Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մատուցած ազգանվեր ծառայությամբ:
Անընդհատ զարգացող հասարակական հարաբերություններին համընթաց բարեփոխումներ են իրականացվում նաեւ Արցախի Հանրապետության ոստիկանությունում, որոնք նպատակ են հետապնդում ժողովրդին ներկայանալ որպես կայացած եւ ամուր պետական կառույց, ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները եւ համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ սկզբունքորեն ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը:
Հարգելի ծառայակիցներ.
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ հետեւողականորեն ձեռնամուխ է լինում մասնագիտական եւ բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկան եւ ոստիկանության ձեւավորման փառավոր գործին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում եւ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, անսպառ ուժ եւ նպատակների իրականացում։
Մենք պետք է լինենք սկզբունքային, հավատարիմ մնանք մեր կոչմանն ու երդմանը եւ բարձր պահենք ոստիկանի ուսադիրի պատիվը: