Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը: Բանն այն է, որ օր-օրի ավելանում է Հայկ Մարությանի գործունեության շուրջ դժգոհությունը, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որեւէ դրական տեղաշարժ չկա: Դժգոհությունների հասան գագաթնակետին այն ժամանակ, երբ պարզվեց, որ քաղաքապետարանը թաքցրել է այն գործարարների անուները, ովքեր քաղաքին աղբատար ավտոմեքենաներ են նվիրել: Կարծես թե այս խոսակցություններից խուսափելու համար Հայկ Մարությանը ընտրել է հեշտ տարբերակ` արձակուրդի դիմում է գրել ու մեկնել հանգստի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաեւ իր թիմի անդամները: Բանն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո իշխանության թեւի ներկայացուցիչների հետ անգամ չի շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, մեղմ ասած` մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում: Սա է նաեւ պատճառը, որ օր-օրի հասունանում են Հ. Մարությանի` հրաժարական տալու հիմքերը: Գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում գրեթե անհնար է նաեւ հանդիպել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, նրա հետ հարցեր քննարկել: Դրա մասին բազմիցս բարձրաձայնել են Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցի հետ:
-Տիկի՛ն Խաչունց, կարծես հասունանում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը, տարբեր հասարակական, քաղաքական շրջանակներից անընդհատ դժգոհություններ են հնչում Մարությանի աշխատանքի հետ կապված: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Ոչ, չեմ կիսում: Ընդհանրապես համամիտ չեմ: Աշխատանքային նորմալ պրոցեսներ են ընթանում, Հայկ Մարությանը շատ լավ է աշխատում:
-Այսինքն` ըստ Ձեզ` այդ դժգոհությունները` Երեւանի քաղաքապետի աշխատանքների հետ կապված, իրական չե՞ն, մտացածի՞ն են:
-Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ դժգոհությունները, ես կարծում եմ, որ բնական է, պետք է ժամանակ անցնի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հրաժարականի պահանջը ընդհանրապես տեղին չէ:
-Ավագանու ընդդիմադիր անդամների կարծիքով` անգամ դժվար է աշխատել Հայկ Մարությանի հետ, քանի որ վերջինիս հետ որեւէ կերպ հանդիպում, քննարկում տեղի չի ունենում: Դա՞ էլ իրականության հետ կապ չունի:
-Հանդիպումներ ունենում ենք, կանոնավոր աշխատանքներ են, խմբակցության նիստերին են հանդիպում, ամեն ինչն էլ շատ լավ է:
-Չե՞ք կարծում, որ Հայկ Մարությանին այդպես էլ չհաջողվեց գոնե լուծել Երեւանում աղբահանության հարցը. մինչեւ այժմ Երեւանը աղբի մեջ կորած է:
-Համամիտ չեմ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, մենք նիստերից մեկի ընթացքում ասել ենք, որ հիմա հիմնարկն արդեն տեխնիկան օգտագործում է, եւ օպտիմիզացիայի կարիք է զգացվելու, բնական պրոցես է: Ցանկացած կազմակերպություն էլ, որ նոր է ստեղծվում, ժամանակ է պահանջվում, որպեսզի հստակորեն սկսի կանոնավոր աշխատել: Հիմա հիմնարկն արդեն այդ պրոցեսի մեջ է: Եկեք հստակեցնենք, որ գոյություն ունի աղբահանության հիմնարկ, որն ունի տնօերն, հիմնարկն ունի կանոնավոր աշխատողներ, ու հիմնարկի տնօրենըկկարողանա հարցին լուծում տալ: Հիմա մենք խուսափել ենք աղբահանության ճգնաժամից, կարծում եմ` մի քիչ ժամանակ պետք է տանք` հիմարկը հիմնովին ճիշտ աշխատի:
-Կարծում եք, որ Հայկ Մարությանի դեմ քաղաքական արշա՞վ է սկսվել` նրա հրաժարականի պահանջը բարձրաձայնելով:
-Իհարկե, միանշանակ:
-Բայց չե՞ք կարծում, որ եթե Հայկ Մարությանը լավ աշխատեր, ընդդիմությունը նման հարց երբեք չէր բարձրաձայնի:
-Ընդդիմությունը մի բան կգտներ:
զրուցեց Սոնա Գրիգորյանը